Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն ՀՀ-ին թույլ չի տալիս սուբսիդավորել արեւային էներգիայի ոլորտը

Հուլիս 13,2015 15:11

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանում բավականին բարձր տոկոս է կազմում այլընտրանքային կամ վերականգնվող էներգետիկայի կիրառումը, որովհետեւ հիմքում փոքր ՀԷԿ-երն են, բայց եթե հաշվի առնենք փոքր ՀԷԿ-երն ու Սեւանի կասկադը, մոտ 23-33%-է կազմում մեր էներգոբալանսի մեջ ու տարեցտարի այս թիվն ավելանում է: Այսօր այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով՝ երբ ներդրվեց փոքր ՀԷԿ-երի շահագործման ծրագիրը, այն ողջունեցին, քանի որ հույս ունեին, որ էներգետիկ աղբյուրները կզարգանան: Սակայն, ըստ Դանիելյանի, փորձը ցույց է տվել, որ բնապահպանական վնասն այնքան մեծ է, որ փոքր ՀԷԿ-երի շահագործման ծրագիրը բացասական են գնահատում:

Բնապահպանը վստահեցրեց, որ փոքր ՀԷԿ-երի շահագործման մեթոդիկան փոփոխության պիտի ենթարկվի, նախատեսվում է հաշվարկել ոչ միայն ջրի ծվալը, այլ՝ քիմիական եւ կենսաբանական բաղադրությունը, եւ բացի այդ, պիտի որ այդ նոր մեթոդի ընդունումից հետո գետերում ավելի շատ ջուր թողնեն:

Այլընտրանքային էներգետիկայի ուղղություններից է նաեւ արեգակնային էլեկտրաէներգիան, եւ ըստ Դանիելյանի, կառավարությունը նախատեսում է կառուցել 2 եւ ավելի արեգակնային ֆոտովոլտաժային կայաններ՝ 30-50 ՄգՎ հզորությամբ: Նախարարության ռազմավարությամբ նաեւ պետք է ընդլայնվի, խրախուսվի ջրատաքացուցիչ պոմպերի անհատական օգտագործումը: Տիկին Դանիելյանն ասաց, որ լավ կլինի այս ոլորտը զարգացնելու համար կառավարությունը սուբսիդիաներ տրամադրի, բայց եթե տարիներ առաջ էներգետիկայի նախարարությունը բնապահպանների այս առաջարկի հետ համաձայն էր, հիմա, ըստ Դանիելյանի, դեմ է, մինչդեռ զարգացած երկրներում կառավարությունը սուբսիդավորում է, եւ ներկայումս այս ոլորտը նախկինի պես շատ թանկարժեք չէ:

Այլընտրանքային էներգետիկայի աղբյուր է նաեւ պանելային ֆոտովոլտաժային էներգետիկան. «Բայց այստեղ էլ խնդիր կա, որ մեծ տարածքներ են վերցնում դրանց համար, բացի դրանից նաեւ թափոնների խնդիր կա: Մենք ունենք Պարիս Հերունու մեթոդիկան. Աբովյանի պալիգոնում ոչ թե պանելային է, այլ արեգակի ճառագայթները կոնցենտրացնում են մի կետի վրա, որտեղից կարելի է էներգիան օգտագործել տարբեր նպատակներով: Ցավոք, այս տարբերակը մեզանում չի օգտագործվում, մենք ուզում ենք, որ այս մեթոդը առաջ գնա: ճիշտ կլինի Հայաստանում սա զարգացվի»:

Տիկին Դանիելյանի ներկայացմամբ՝ իրենք դիմել են կառավարությանը, որպեսզի Հայաստանն էլ կիրառի այլընտրանքային էներգետիկայի զարգացման եվրոպական եւ զարգացած շատ երկրների՝ սուբսիդավորման մեխանիզմը, սակայն ֆինանսների նախարարությունից պատասխանել են, որ Հայաստանը մտել է Եվրասիական տնտեսական միություն, եւ իրավունք չունի մաքսային, հարկային փոփոխություններ անելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031