Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Սարգսյան. Տիգրան Ասատրյանը պետք է պարտադիր դատարանում լինի (Տեսանյութ)

Հուլիս 17,2015 15:37

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 17-ին քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով հարցաքննվեց 3 վկա:

Վկա Եղիազարյանը դատարանին հայտնեց, որ ինքը Մովսես Ներսիսյանի մանկության ընկերն է եւ միջադեպի մասին լրատվամիջոցներից է իմացել: Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հրաժարվեց հարցեր տալ վկային. «Ոչ միայն այս վկային, այլ ընդհանրապես որեւէ վկայի հարցեր չեմ տա, մինչեւ Տիգրան Ասատրյանը չգա եւ չպատասխանի մեր հարցերին»:

Նա հայտարարեց, որ կարեւորը Տիգրան Ասատրյանն է. «Այս վկաների ցուցակը ես մեղադրողի փոխարեն կկրճատեի 80 տոկոսով: Այստեղ ավելորդ մարդիկ են, որոնք ոչ մի տեղեկություն գործի վերաբերյալ տալ չեն կարող, կամ տալիս են տեղեկություն, որն ակնհայտ է բոլորին, ավելորդ է դա հնչեցնել: Իսկ Ասատրյանը հիմնական վկան է գործով, մեղադրյալ են դրել անունը, թո՛ղ վերցնեն բերեն, եթե փախչում է, չի գալիս, թո՛ղ կալանավորեն»:

Դատավորի հարցին, թե հիմա հետաձգե՞նք մինչեւ Ասատրյանի ներկայությունը ապահովենք, պաշտպանը պատասխանեց՝ իհարկե՛: Մեղադրողը հայտարարեց, որ եթե պաշտպանական կողմը դեռ հարցեր ունի Տիգրան Ասատրյանին, ապա այդ համատեքստում տեղին է համարում կողմի միջնորդությունը. «Ինչ վերաբերում է մյուս վկաների հարցաքննությանը, գտնում եմ, որ նման մոտեցումն անթույլատրելի է, քանի որ ապացույցների հետազոտության փուլում ենք գտնվում: Այլ խնդիր է, որ պաշտպանը հարցեր չունի տալու կամ այդ պահին գտնում է, որ անհրաժեշտություն չկա հարցեր տալու, բայց հրաժարվել հարցեր տալուց, ես չեմ կարծում, որ իրավական որեւէ առումով պաշտպանին վերապահված լիազորություն է: Բայց, այնուամենայնիվ, գտնում եմ, որ դատական գործողությունները պետք է շարունակվեն, ինչ վերաբերում է Տիգրան Ասատրյանի ներկայությանը, ես եւս միջնորդություն եմ ներկայացնում»:

Իսրայել Սարգսյանը եւս հայտարարությամբ հանդես եկավ. «Ես Տիգրան Ասատրյանի ցուցմունքները շատ ուշադիր եմ կարդացել եւ եկել եմ մի եզրակացության, որ ինքը պետք է պարտադիր այստեղ լինի, որովհետեւ ինքը շատ գեղեցիկ բառեր է ասում, ասում է՝ ես այս ամենը ձայնագրել եմ իմ ինքնասիրության, իմ ընտանիքի անվտանգության համար, որ իմանամ՝ ինչ պատասխան տամ Թեւոսին եւ իրավապահ մարմիններին: Եթե ինքն այդքան մտածում է իր ինքնասիրության, իր ընտանիքի, իր պատվի մասին ու Թեւոսին եւ իրավապահ մարմիններին ինչ պետք է պատասխան տա, ինչո՞ւ է ինքը վախենում գալ ստեղ իմ աչքերին նայի, իմ հարցերին պատասխանի: Մի շարք հարցադրումներ ունեմ, ինքը լավ հասկանում է, թե ես ինչ պետք է իրեն հարցնեմ, որովհետեւ մենք 10-ը տարվա շատ մոտ ընկերներ ենք եղել: Ես պահանջում եմ, որովհետեւ միակ վկան, որ գործում կա, ինքն է, մնացած 87 վկաներն այսպես գալու են ու գնան, ոչ ոք ոչ մի բան չի խոսելու: Արդեն 2-րդ, 3-րդ դատն է՝ ինքը չի գալիս, ինչի՞ չի գալիս, այն ժամանակ եկավ ու փախավ»:

Նա հավելեց, թե հասկացել է, որ Տիգրան Ասատրյանը հովանավորներ ունի. «Ինչո՞ւ ինքը վկայի կարգավիճակով այստեղ չի գտնվում, թո՛ղ վկայի կարգավիճակով գա: Ես ավելի ուրախ կլինեմ, որ այդ հոդվածը իր վրայից հանեն, ու ինքը գա որպես վկա: Թո՛ղ գա, ես լիքը հարցեր ունեմ իրեն տալու: Թո՛ղ բոլորն իմանան, թե շան գլուխը որտեղ է թաքնված, ինչո՞ւ չեք ուզում»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031