Լրահոս
Օրվա լրահոսը

Հղի կնոջը Գյումրիում ավտովթարի էին ենթարկել. նա ծննդաբերել էր արնաթաթախ, պատառոտված գլխով (Տեսանյութ)

Հուլիս 20,2015 16:11

Երեկ Գյումրիի Խրիմյան Հայրիկ ու Ղանդիլյան փողոցները միացնող խաչմերուկում, ժամը 19.00-ի սահմաններում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ հղի կնոջ մասնակցությամբ: Երրորդ երեխային սպասող Աննա Նալբանդյանին նրա եղբայրը Աշոցքից իր մեքենայով տեղափոխել է Ախուրյանի ծննդատուն, սակայն Գյումրիի նշված խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է իրենց: Աննա Նալբանդյանը, որը նստած է եղել վարորդի կողքին, վնասելով իր գլուխը, կարողացել է իրեն դուրս գցել մեքենայից՝ օգնություն խնդրելով անցորդներից:

Gyumri_cnndatun

Նա Aravot.am-ին պատմեց. «Իմ երկու երեխաներին ծննդաբերել եմ Ախուրյանի ծննդատանը ու մտածում էի, որ անպայման երրորդին էլ այնտեղ ծննդաբերեմ, չարժե տեղը փոխել: Մենք Ջաջուռ գյուղից ենք, բնակվում ենք Աշոցքում, ամուսնուս աշխատանքն այնտեղ է: Ծննդաբերական ցավերի մեջ էի, եղբայրս, միացնելով մեքենայի ազդանշաններն ու լույսերը, ինձ արագ տեղափոխում էր ծննդատուն: Հասանք Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցը հատող խաչմերուկը, չգիտես որտեղից հայտնվեց մի «Օպել» մակնիշի մեքենա՝ վթարի ենթարկելով մեզ: Ես ամրագոտի էի կապել, գլուխս տվեցի դիմապակուն, որպեսզի գոնե գլուխս վնասվի, բայց երեխաս չտուժի: Մի ձեռքով փորս պահեցի, մի ձեռքով էլ դուռը բացեցի ու ընկա գետին՝ օգնություն կանչելով: Ապագա երեխայիցս բացի, մտածում էի իմ երկու երեխաների մասին, որ հանկարծ որբ չմնան… Էլ չեմ հիշում ինչ եղավ, բացվել էր գլուխս, վնասվել էր մատս, ծունկս, գիտեմ, որ արնաթաթախ ինձ հասցրեցին Գյումրու ծննդատուն: Չեմ հավատում, որ ողջ եմ»:

Gyumri_cnndatun-3

Կնոջը հասցրել են Գյումրու ծննդատուն, որտեղ եւ րոպեներ անց պատռված գլխով նա ծննդաբերել է: Նա դուստր է ունեցել, որի անունը դրել են Անգելինա: Մայրն ասում է, որ աղջկան հրեշտակ կոչելը կապված է վթարից փրկվելու հետ:

Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը հրճվանքով պատմում էր, որ հղի կինը, գլուխը վնասելով, ձեռքը փորին է գցել, որպեսզի երեխան չվնասվի: «Տեսնեիք երեխան ծնվելուց րոպեներ անց ոնց էր կաթ ուտում, կարծես հասկանում էր, որ մայրն ամեն ինչ արել է իր կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը դեպքի ժամանակ այնտեղ չի եղել, եկավ ծննդատուն, տեսնեիք ոնց էր արտասվում», -պատմում է ծննդատան տնօրենը:

Ըստ Վարդան Սարգսյանի, ծննդատուն հասցնելուց հետո կես ժամ անց կինը ծննդաբերել է, սակայն մինչ այդ կազմվել է բժիշկների բրիգադ, հրավիրել են նաեւ վիրաբույժ Գյումրի բժշկական կենտրոնից: Երեխան ծնվել է 3 կիլոգրամ քաշով՝ առանց բարդությունների, չնայած որ բժիշկները, տեսնելով մոր վիճակը, մեծ մտավախություն ունեին: Վիրաբույժը կնոջ պատռված գլխին կարեր է դրել, այժմ նրան տեղափոխելու են Գյումրի բժշկական կենտրոն, որպեսզի նեյրովիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանը հետազոտի:

Մեր՝ ծննդատուն այցելելու պահին Աննա Նալբանդյանին իր ընտանիքով այցելության եկավ նրա կյանքը փրկած Աշոտ Ամիրյանը: Նա պատմեց, որ «Օպել» մակնիշի մեքենան լուսամփոփի մոտ եկել, մեծ արագությամբ անցել է իր մեքենայից: Այնուհետ տեսել է, որ վթար տեղի ունեցավ, հղի մի կին գետին պառկեց՝ փոքրիկ մի երեխայի գիրկն առած: Նրան անմիջապես տեղափոխել է Գյումրու ծննդատուն: Ծննդատուն էին այցելել նաեւ քննիչները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031