Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման լուծում չի տեսնում

Հուլիս 22,2015 15:00

ԵՄ-ի, Մոսկվայի համար ԼՂ հակամարտության լուծումը «առաջնահերթություն» է

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ԼՂ հակամարտության համապարփակ լուծում՝ հուլիսի 20-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Համապարփակ կարգավորումը ներառում է նաեւ կարգավիճակի հարցը, եւ այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»,- ասել է Ուորլիքը` հավելելով. «Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, եւ սա ի նկատի ունենք՝ ասելով համապարփակ կարգավորում: Այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը՝ սա կետերից մեկն է, բանակցությունների տարր է»,- պարզաբանել է ամերիկացի դիվանագետը:

ԼՂ հակամարտության կարգավորման համապարփակ լուծման բանակցային կետերից մեկը պետք է լինի միջազգային խաղաղապահների տեղակայումը՝ Երեւանում հավելել է Ուորլիքը. «Համապարփակ կարգավորման շրջանակում բանակցությունների միջոցով պետք է համաձայնություն ձեռք բերվի մի շարք տարրերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը, հարակից տարածքների վերադարձը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ։ Բացի դրանից, պետք է լինեն անվտանգության իրական, ամուր երաշխիքներ, ինչը ենթադրում է նաեւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»։ Ամերիկացի համանախագահը կրկին հստակեցրել է, որ բանակցող կողմերը դեռ չեն հասել այդ կետին, որտեղ կքննարկեն բոլոր այս մանրամասները:

Օրեր առաջ «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցի կոնտեքստից կտրելով բացառապես «գրավյալ տարածքների» վերաբերյալ Ուորլիքի հայտարարությունը եւ քննադատելով այդ արտահայտությունը` հայաստանյան փորձագետների ուշադրությունից վրիպել էր մեկ այլ կարեւոր փաստ, որ ամերիկացի համանախագահը նույն հարցազրույցում խոսել էր Լեռնային Ղարաբաղի անվտանգության մասին` նշելով. «Կարգավորման տարրերը պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը: Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի միջազգային խաղաղարարներ տեղակայել՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար»:

Իսկ առհասարակ, ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին օրերի ակտիվությունը վկայում է այն մասին, որ միջնորդներն ամեն գնով ձգտում են նախապատրաստել Սարգսյան-Ալիեւ հանդիպում մինչեւ տարեվերջ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարծես բանակցությունների շարունակականությունն ապահովելու հարցում ընդհանուր հայտարարի են եկել եւ հիմա ինտենսիվորեն աշխատում են Ադրբեջանի ուղղությամբ:

Հուլիսի 17-ին Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը: «Հիմքեր կան ենթադրելու, որ ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ջանքերը, կարծում եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք առաջընթաց ապահովել արդյունքների հասնելու համար»,- ասել էր Լավրովը Մամեդյարովի հետ հանդիպմանը։ ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հավելել էր. «Մենք համահունչ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնությունների շրջանակներում։ Ամերիկացի եւ ֆրանսիացի մեր գործընկերների հետ մենք մշտական կապի մեջ ենք։ Կարծում եմ՝ արդյունքների հասնելու ընդհանուր տրամադրվածություն կա, մենք կարող ենք տեսանելի ապագայում այդպիսի առաջընթաց ապահովել»։ Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ ասել է, որ Իրանի հարցում այդպիսի լուրջ որոշման հասնելուց հետո հիմա եկել է ղարաբաղյան բանակցություններում շուտափույթ ճեղքման հասնելու հերթը։ Նա ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, որպես Ադրբեջանին եւ Հայաստանին ամենամոտ երկրներից, կրկնապատկի, եռապատկի իր ջանքերը, որպեսզի «մենք տեսնենք շուտափույթ արդյունքը»։

Լավրովի եւ Մամեդյարովի նշյալ հայտարարություններից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն տարածեց այն մասին, որ կայացել է Լավրով-Նալբանդյան հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման:

Պաշտոնական Մոսկվան նույնպես սկսել է վերջին շրջանում նոր եռանդով զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ: Երկու ամիս առաջ դարձյալ ԼՂ հիմնախնդիրը Լավրովի ուշադրության ներքո էր: Մայիսի 24-26-ը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` Մոսկվա կատարած պաշտոնական այցից առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն արձանագրեց, որ Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է կարեւոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում. «Հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը եւ մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը՝ հակամարտության լուծումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի եւ ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»։
Օրեր անց Լավրովի ու Մամեդյարովի բանակցությունների հիմնական հարցերից մեկը Ղարաբաղյան խնդիրն էր: Այս հանդիպմանը հետեւած ասուլիսում Մամեդյարովը հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այսօր լճացման մեջ է, չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են հանդիպել` այդ հանդիպումներում արդեն մեկուկես-երկու տարի է՝ չկան առարկայական քննարկումներ: Բանակցային գործընթացի, Մամեդյարովի որակմամբ` լճացումը, նրա կարծիքով, կապված է նաեւ ընտրությունների հետ. «Հայաստանում ընտրությունները անցել են, Ադրբեջանում դրանք կանցնեն տարեվերջին, եւ հարկ է կրկնապատկել եւ եռապատկել մեր ջանքերը խնդրի կարգավորման հարցում առաջխաղացում ունենալու համար»,- հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը եւ հույս հայտնել, որ ընտրություններից հետո, ըստ էության, սառեցված բանակցային գործընթացը կակտիվանա նաեւ շնորհիվ Ռուսաստանի` որպես տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունեցող եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի:

Իսկ Սերգեյ Լավրովը նկատել էր, որ ստատուս քվոն ձեռնտու չէ նաեւ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ղարաբաղին, ինչպես նաեւ Ռուսաստանին, որի համար չափազանց կարեւոր է անվտանգությունը Կովկասում: «Ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է, ընդ որում` բոլորի համար: Առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակում, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստատուսի անընդունելիության հարցում»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով` նշել էր Ռուսաստանի ԱԳ նախարարը` հավելելով. «ՌԴ-ի համար ստատուս քվոն անընդունելի է, քանի որ մեր հարեւանների, բարեկամների միջեւ երկարատեւ եւ բարդ հակամարտություն է, իսկ կայունությունը եւ խաղաղությունը Կովկասում մեզ համար արտաքին քաղաքական գերակայություններից են»: Լավրովը հավաստիացրեց այդ օրը, որ Ռուսաստանը շարունակելու է իր ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Այս բանակցություններից մեկ օր անց ՀՏրրՌÿ 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մամեդյարովը հայտնեց, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների հիմնական թեման եղել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղից շարժելու» Ռուսաստանի հստակ ցանկությունը։
Հուլիսի 20-ին Սերժ Սարգսյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, որի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ս. Սարգսյանը ուղղակի քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ անգամ նշելով, որ ԵՄ-ն չպետք է հավասարության նշան դնի ԼՂ հակամարտության հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ:

Նա նշել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի կազմակերպմամբ Ադրբեջանը մեծ նվեր մատուցեց Հայաստանին, քանի որ դրա շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գծում իրավիճակը մնաց հանգիստ, իսկ միջազգային հանրությունը վերջնականապես համոզվեց, թե ով է բախումներ նախաձեռնում, լարվածություն ստեղծում, ում ցանկության դեպքում կարող են զոհվել երիտասարդներ կամ պահպանվել հրադադարի ռեժիմը. «Սա շատ կարեւոր է, եւ այստեղ ես դիմում եմ պարոն Տուսկին եւ բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի նրանք հրաժարվեն համահարթեցման քաղաքականությունից: Դա անպատժելիության եւ ինքնավստահության մթնոլորտ է ծնում: Իսկ այդ դեպքում մարդու ոտքերը կտրվում են գետնից, եւ նա կորցնում է իրականության հետ կապը: Հիմա բաց ու մեծամիտ հայտարարության մասին, որն իրեն թույլ է տվել Ադրբեջանի նախագահը: Մենք սովորել ենք, որ նման լկտի հայտարարությունները հասնում են անհեթեթության: Անհեթեթ չէ՞, երբ մարդը, որը նախագահ է դարձել ժառանգաբար, մեղադրում է մյուսին նրանում, որ վերջինս նախագահ է դարձել այլոց օգնությամբ: Անհեթեթ չէ՞, երբ մարդը, որն առավոտից երեկո այլատյացություն է քարոզում, մեղադրում է Եվրոպային եւ այլոց այլատյացության եւ իսլամատյացության մեջ: Անհեթեթ չի՞ հնչում, երբ մարդը, որը հայերին համարում է աշխարհի ամենավատ մարդիկ, մեղադրում է Եվրոպային եւ Հայաստանին ռասիզմի մեջ: Անհեթեթ չի՞ հնչում, երբ ունենալով առավել վատ հարաբերություններ շատ մահմեդական երկրների հետ, քան Հայաստանն ու Եվրոպան, մեղադրում է նրանց իսլամատյացության մեջ: Վստահ եմ, որ թեեւ Եվրոպայում շատերի գլուխն է պտտեցնում նավթի ու գազի հոտը, մենք, միեւնույն է, կկանգնենք ճշմարիտ ուղու վրա: Հակառակ դեպքում բոլորը կսկսեն ներել ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլեւ գործողությունները: Ստիպված եմ արտահայտվել մեր հայտնի հայրենակից Վիլյամ Սարոյանի խոսքով. «Մարդիկ, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»,- ասել է Ս. Սարգսյանը:

Իսկ Դ. Տուսկը փոխանցել է Եվրոպայի վերաբերմունքը՝ շեշտելով, որ Եվրամիության համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը. «Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ ՄԽ առաջնորդությամբ ընթացող ղարաբաղյան բանակցությունները։ Շատ կարեւոր է հարգել հրադադարի համաձայնագիրը, զսպվածություն դրսեւորել գործողություններում ու հայտարարություններում, հակամարտության կարգավորման առաջընթացի համար մթնոլորտ ստեղծել»։
Մայիսին Լավրովը խոսում էր «ադրբեջանական տարածքների վերադարձի» մասին, այսօր Մոսկվայի համար ԼՂ խնդիրը «առաջնահերթություն» է, իսկ Վաշինգտոնը` Ուորլիքի շուրթերով արձանագրում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել հակամարտության համապարփակ լուծում: Ուշագրավ նրբերանգներ է, այսպիսով, ստանում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը:

Հետաքրքրական է, որ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցների ֆոնին պաշտոնական Բաքուն լռություն է պահպանում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման մասին ամերիկացի համանախագահի հայտարարությունից հետո որոշակի շոկային իրավիճակ է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031