Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում եւ Արցախում մահմեդական հայեր չկան»

Օգոստոս 19,2015 12:00

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ծուղակ է տեսնում լուրում, ըստ որի՝ ընտրվել է
հայ մահմեդականների առաջնորդը

Վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի լուր՝ հղում անելով Caucasian Review-ին, ըստ որի՝ ընտրվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մահմեդական հայերի կրոնական առաջնորդը: Այդ մասին գրել է նաեւ interpretermag.com-ը: Այդ մեծ իրարանցում է առաջացրել ու դարձել նաեւ սոցցանցերում քննարկումների առարկա: Բայց բոլոր կարծիքների մեջ ընդգծվում է մեկ բան՝ Հայաստանում եւ Արցախում մահմեդական հայեր չկան: Օրինակ, Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է. «Բռնի մահմեդականացված հայեր, որոնք իրենց մեջ ուժ են գտնում հետ գալու իրենց իրական հավատքի, այս մարդկանց մեղադրելու հիմքեր եւ իմաստ չկա: Սակայն ստեղծել մուֆթիություն հայի ձեռքով՝ հայի հողի վրա, տրամաբանական չէ: Ապագայում առաջ են քաշվելու մեջիթներ կառուցելու, դպրոցներում Ղուրանի դասաժամեր անցկացնելու հարցեր եւ այլն, եւ այլն, ինչը կտանի մուսուլմանական աշխարհով շրջապատված մեր պետության լիակատար կործանման…»: Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Վրացիներն այս գաղափարը վաղուց են օգտագործում, որի շնորհիվ մահմեդականություն ընդունած եւ Աճարա գավառում բնակվող համշենահայերը ժամանակին հռչակվեցին մահմեդական վրացիներ ու աստիճանաբար ուծացվեցին, իսկ հայերը վանում էին մահմեդական հայերին, որոնք ստիպված տրոհվում էին մուսուլմանական անդեմ զանգվածի մեջ»: Երրորդը տարակուսանք է հայտնել՝ այս լուսավոր դարում ի՞նչ կրոն:

Իմիջիայլոց, եւ Caucasian Review-ը, եւ interpretermag.com-ը նշում են, որ Հայաստանում մահմեդականների ժողովի ժամանակ հաստատված կրոնական առաջնորդի պաշտոնը զբաղեցրել է Կում (Ղոմ) քաղաքի ճեմարանի շրջանավարտ, մահմեդական փիլիսոփայության մագիստրոս Արսեն Սաֆարյանը: Արսեն Սաֆարյանի մասին այլ տեղեկություններ չկան, պարզ չէ՝ երբ է ծնվել, ինչ աշխատություններ ունի, չնայած հոդվածում ներկայացվում է որպես լուրջ գիտնական, մի շարք աստվածաբանական հրապարակումների հեղինակ: Ըստ նույն աղբյուրների, ներկա դրությամբ Հայաստանի մուֆթիությունը կրոնական առումով լիովին անկախ կազմակերպություն է:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Առավոտի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց լուրի առիթով ու հատուկ շեշտեց, որ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում մահմեդական հայեր չկան եւ չեն եղել, որ նման կազմակերպություն ստեղծվի: Պարոն Չաքրյանի ձեւակերպմամբ. «Մուֆթիության մասին խոսելն էլ լրիվ ավելորդ է: Մուֆթին մոլլաների ղեկավարն է համարվում, այսինքն՝ որպեսզի մուֆթի նշանակվի, պետք է մոլլաներ էլ լինեն, դա ինչպես մեզ մոտ՝ թեմի առաջնորդի նման մի բան է, բոլոր մոլլաները՝ մահմեդական հոգեւորականները մուֆթիին են ենթարկվում: Ու եթե մահմեդական հայ չկա, մահմեդական հոգեւորականներ էլ չկան, մուֆթիությո՞ւն որտեղից: Չգիտեմ, թե այդ ինչ լուր է, գուցե մի շարք հարցերի պատասխանը հենց այդ Արսեն Սաֆարյանը տա»: Թուրքագետն ասում է, որ ամեն դեպքում միտումնավոր շրջանառության մեջ դրված այս լուրից ծուղակի «հոտ է փչում». «Հազար ու մի հարց կա՝ շիա-սուննի հակամարտություն, չգիտեմ ինչ: Իսկ Հայաստանում շիաներ ու սուննիներ չկան, մի խոսքով՝ անհասկանալի է…»:

Անդրադառնալով լուրում առկա այն մտքին, որ իբր Հայաստանի մուֆթիությունը կրոնական առումով լիովին անկախ կազմակերպություն է, Հակոբ Չաքրյանը նորից պնդեց. «Չկան մահմեդական հոգեւորականներ ու գործող մզկիթներ, այսինքն՝ մուֆթիության մասին խոսելն ավելորդ է: Հայաստանում գործում է միայն Կապույտ մզկիթը, որը Իրանի դեսպանատան հովանավորության տակ է, հայ մահմեդականներ Հայաստանում գոյություն չունեն, այդ մզկիթ միայն պարսիկներ են այցելում: Հայաստանում ծպտված հայ չկա, Թուրքիայում են ծպտված հայերը, որովհետեւ վախեցել են ու կյանքը փրկելու համար ստիպված մահմեդականություն են ընդունել, մի մասն այժմ կրկին ակունքներին է վերադառնում»:

Հավելենք, որ Ղոմ քաղաքը, որտեղ սովորել է սենսացիոն լուրի հերոս Արսեն Սաֆարյանը, Իրանի Ղոմ նահանգի վարչական կենտրոնն է: Ղոմը շիա մուսուլմանների սուրբ քաղաքն է, այստեղ են գործում կրոնական բարձրագույն հոգեւոր դպրոցները, մզկիթները:
«Առավոտը» լուրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Մայր աթոռից: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանն արձակուրդում էր, իսկ հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանը խոստացավ ավելի ուշ մեկնաբանություն անել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31