Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանին հասցեագրված բողոքին ստիպված տեր կանգնեց Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)

Օգոստոս 25,2015 14:49

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց 9-ից ավելի երեխաներ ունեցող 8 ընտանիքների: Շիրակի մարզպետարանը, սոցապնախարարության հետ համատեղ, 6 ընտանիքներ ընտրել էր Գյումրիից, երկուսը՝ գյուղական համայնքներից: Մարզպետը հպարտորեն հանձնելով վկայագրերը՝ ակնարկեց, որ անցած տարի այս ծրագիրը չստացվեց ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ այժմ կառավարությունը տեր կանգնեց իր խոստմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Aravot.am-ին էր դիմել 9 անչափահաս երեխաների մայր Լիլիթ Խաչատրյանը՝ նեղվելով, որ իրենց հրավիրել էին Շիրակի մարզպետարան՝ պայմանագիր էին կնքել, հանձնարարել էին գնալ ու բնակարաններ փնտրել, իսկ երբ վերջինս Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած ամուսնուն հետ էր կանչել ու բնակարանը գտել էին, կառավարությունը հրաժարվել էր փողը փոխանցել: Տիկինը մեզ դժգոհել էր, որ իրենց «մեկ ուրախացրել էին, մեկ էլ ծիծաղել իրենց վրա»:

Balasanyan_bazmazavak_1Նշենք, որ 9 ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը Տիգրան Սարգսյանին էր, սակայն, երբ հերթը հասել էր բնակարաններ ձեռք բերելուն, արդեն վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր: Փաստորեն բազմազավակ ընտանիքների բողոքին ստիպված էր տեր կանգնել Հովիկ Աբրահամյանը: Նա վերջերս Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ խոստացավ կառավարության նիստի օրակարգ մտցնել այս ծրագիրը ու այսօր արդեն իր խոսքի տերը դարձավ:

Լիլիթ Խաչատրյանը, որն արդեն 10 երեխաների մայր է. երկու ամիս առաջ նորից երեխա է ունեցել ու բնակվում է քարաշեն տնակում, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց միգուցե չտրամադրեին վկայագրեր, եթե իրենք անցած տարվանից չբողոքեին: Նա նաեւ նշեց, որ հատկացված գումարը՝ 8 միլիոն 190 հազար դրամը, բավարար չէ 3 սենյականոց բնակարան ձեռք բերելու համար, ստիպված են եւս 1000 դոլարի չափով ավելացնել:

Տիկինը նաեւ հիշեց, որ իրենց բավական մեծ պարտքերի տակ գցելուց հետո միայն բնակարանի գնման վկայագիր տվեցին. անցած տարի ամուսինը Ռուսաստանից վերադարձավ թե՛ գործերից կտրվելով, թե ճանապարհածախս անելով, սակայն կառավարությունը հետաձգեց ծրագիրը:: «Արդեն հույսս կորցրել էի, որ բնակարան կտան, բայց հիմա, իհարկե, շնորհակալ եմ»,- ասաց Լիլիթ Խաչատրյանը:

14 զավակների մայր Լուսինե Մելքոնյանն էլ նշեց, որ 24 տարի է՝ իրենք սպասում են բնակարանի: Նա նեղված է, որ կառավարությունը առաջնահերթ չի լուծում բազմազավակ ընտանիքների խնդիրը: Ըստ տիկնոջ, այժմ չեն կարողանում գտնել այնպիսի բնակարան, որտեղ ընտանիքի բոլոր անդամները կտեղավորվեն:

Balasanyan_bazmazavak_2Բազմազավակ մայրերը մեզ հետ զրույցում նեղվեցին, որ Հայաստանում ոչ մի ձեւով չի խրախուսվում բազմազավակությունը, արտոնություններ չեն տալիս, աշխատատեղ չկա, նպաստից բացի, ապրելու այլ միջոց չկա:

Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31