Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Մենք կրթությանն ու դպրոցին վերաբերվում ենք որպես մեր արժեհամակարգի հիմնասյան

Սեպտեմբեր 01,2015 10:24

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Մենք կրթությանն ու դպրոցին վերաբերվում ենք որպես մեր արժեհամակարգի հիմնասյան, որպես ինքնակազմակերպման հզոր միջոցի, որպես ինքնապաշտպանական եւ, միաժամանակ, հաղթանակող զենքի, զենք, որով արժանապատվորեն ստեղծել ենք մեր պատմությունն ու բարեհաջող անցել ժամանակի շրջափուլերով:

Այսօրվա ժամանակը բացառություն չէ իր մարտահրավերներով: Դպրոցում ուսուցչի առաջնորդությամբ մեկնարկում է դրանք հաջողությամբ հաղթահարելու դասընթացը՝ գիտելիքի ձեռքբերմամբ, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենիքը սիրելու այբուբենի ուսուցանմամբ, դասընթաց, որն ավելի հաստատուն եւ հիմնավոր տեսք է ստանում արդեն բուհական միջավայրում, զինծառայության մեջ, աշխատանքային գործունեության ընթացքում:

Դպրոցի ընտանեկան ջերմության մեջ է թրծվում այն գիտելիքը, որը հետո որպես հաղթաթուղթ ողջ կյանքի ընթացքում ուղեկցում է յուրաքանչյուրիս՝ ճանապարհ ցույց տալով, դռներ բացելով, բարձունքի հասցնելով: Այդ հաղթաթղթի հետագա հաջողակությամբ եւ արդյունավետ օգտագործմամբ պայմանավորվում է մարդու ճակատագիրը, պետության ու հասարակության վաղվա օրը, դրա գործուն օժանդակությամբ է գրվում երկրի ու ժողովրդի պատմության էջը:

Մեր յուրահատուկ հարստությունն են ազգային դպրոցի ընդգրկուն եւ շատ դեպքերում անգերազանցելի պատմությունը, անձնվեր ու հաճախ նաեւ անձնազոհ ուսուցչի կերպարը, որոնք ծնունդ են տվել հայրենիքի պաշտպան խիզախ զինվորին ու հայրենիքի դեմքը պարզերես անող գիտնականին, հայրենիքի շահերը պաշտպանող դիվանագետին ու հայրենի հողը շենացնող հողագործին: Այն ոչ միայն մեզ հպարտություն պարգեւող անցյալն է, այլեւ ավանդների շարունակություն հանդիսացող ներկան եւ հուսալիության ամուր հիմքեր ունեցող ապագան, որը գտնվում է աշակերտի եւ ուսուցչի, ուսանողի եւ դասախոսի, մանկապարտեզի դաստիարակի ու նրա սանի, մեզնից յուրաքանչյուրի ձեռքում:

Ամեն ուսումնական տարվա սկիզբ նշանակում է սերունդների մուտք դեպի կրթական հաստատություններ, իսկ մասնավորապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար՝ մուտք դեպի նոր աշխարհ ու նոր միջավայր: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել հենց նրանց, ինչպես նաեւ իրենց առաջին դասն անցկացնող մանկավարժներին՝ մաղթելով այս օրվա խորհրդի նման լուսավոր ճանապարհ՝  ձեռքբերումներով լեցուն:

Թող խաղաղությունը, հաջողությունն ու լավատեսությունն ուղեկցեն բոլորիդ՝  երաշխավորելով բարեկեցիկ ու երջանիկ կյանք ավելի ապահով եւ զարգացած Հայաստան հայրենիքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930