Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Ադրբեջանը իրավիճակը դարձնում է պայթյունավտանգ, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ»

Սեպտեմբեր 07,2015 15:46

Սեպտեմբերի 7-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը լավ հարաբերություններ ունի Բելգիայի խորհրդարանի հետ: Կարեւորվել է նաեւ Հայաստանի ակտիվ աշխատանքները Բրյուսելի հետ: Հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Բելգիայի խորհրդարանի երկու պալատներին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման համար եւ նշել է, որ Բելգիայի եւ խորհրդարանը եւ գործադիր իշխանությունները միշտ մարդասիրական վերաբերմունք են ցուցաբերել մարդու իրավունքների եւ ժողովուրդների ազատ ու իրավահավասար պայքարը խթանելու, ինչպես նաեւ ցեղասպանությունների դեմ պայքարի հարցերում:

Հանդիպման ընթացքում բելգիացի խորհրդարանականների խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը, ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում առկա իրավիճակին, Հայաստան-Թուրքիա փակ սահմաններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը եւ տարածաշրջանում առկա իրավիճակին:

Խոսելով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի` որպես հարցի կարգավորման միակ արդյունավետ ձեւաչափի դերը: Նշվել է, որ Ադրբեջանը իրավիճակը դարձնում է պայթյունավտանգ, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար: Ըստ Արտակ Զաքարյանի՝ Հայաստանն իր հավասարակշիռ եւ պատասխանատու մոտեցմամբ առայժմ ձեռնպահ է մնում խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի սադրանքներին: Սակայն, Հայաստանը պատրաստ է ցանկացած իրավիճակում պաշտպանել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում պատժել ՀՀ սահմաններում իրականացվող սադրիչ ոտնձգությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ-ի պատրաստակամությունը:

Արտակ Զաքարյանը կարեւորել է պատվիրակության կողմից նախատեսվող այցը Լեռնային Ղարաբաղ եւ նշել, որ նման այցելությունները եւս նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ձեր որոշումը ոչ միայն ողջունելի է մեզ համար, այլեւ էական ջանք է խաղաղության հաստատման գործում: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ԼՂՀ ժողովրդի իրավունքները ժողովրդավար հասարակությունների ուշադրության կենտրոնում են»,-ասել է Արտակ Զաքարյանը:
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը նույն օրը հանդիպել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ: Պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ պատվիրակության անդամները Հայաստանից կհեռանան նրա խնդիրներին ավելի քաջատեղյակ: Մարգարիտ Եսայանը բարձր է գնահատել պատվիրակության անդամների` Լեռնային Ղարաբաղ այցելելու որոշումը եւ նշել, որ անչափ կարեւոր է եվրոպացի գործընկերների վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Պատգամավորը ցավով նշել է, որ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ են իրականացվում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի սահմանում, այլ նաեւ Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններում: Նա հույս է հայտնել, որ պատվիրակության անդամները միջազգային հարթակներում այս հարցը կներկայացնեն այնպես, ինչպես իրականությունն է:

Այս համատեքստում տիկին Եսայանը խոսել է նաեւ միջազգային կառույցներում հնչող գնահատականների մասին: Նրա խոսքով` արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը փոխի իր շեշտադրումները եւ հայտարարի, որ ռազմական գործողությունների նախաձեռնողն ու իրականացնողը ոչ թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն են, այլ՝ Ադրբեջանը: Սրա մասին են վկայում նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից արված բոլոր այն հայտարարությունները, համաձայն որոնց այդ երկու երկրները կողմ են ԼՂ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը եւ որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Մնացական Մնացականյանը եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը եւս խոսել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններում եւ սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակից: Նրանք հույս են հայտնել, որ պատվիրակության անդամները միջազգային կառույցներում այս խնդիրները կներկայացնեն ամենայն ճշգրտությամբ եւ մանրամասնությամբ:
Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ հանդիպել են նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը հյուրերին ներկայացրել է մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության գերակայությունները:

Պարոն Թորոսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, երախտիքի խոսք է հայտնել Բելգիայի իշխանություններին, մասնավորապես խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդը շարունակելու է պայքարը ճանաչման եւ արդար հատուցման հարցում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին այդ հարցում հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար: Նա հույս է հայտնել, որ Բելգիան՝ որպես ԵՄ առաջատար երկիր, ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Շիրակ Թորոսյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ այս հարցում բարձր գնահատելով եվրոպական կառույցների աջակցությունը: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվող խորհրդարանական կառավարման մոդելը հնարավորություն կտա երկրին ունենալու առավել ժողովրդավարական արժեքներ: Պարոն Թորոսյանն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդդիմությանը տրվող նոր լիազորություններին: ՀՀԿ ներկայացուցիչը, նշելով, որ նախագիծը քննարկվում է տարբեր հարթակներում, ընդգծել է, որ վերջնական որոշում կայացնելու է ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ իրենք մերժում են այդ գործընթացը: Նա խոսել է ներքաղաքական մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ ընտրակեղծիքներից, արտագաղթի տեմպերից, կոռուպցիայից եւ այլն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930