Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյան. «Բառարաններ պետք է ստեղծել եւ տեղադրել համացանցում» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 07,2015 12:28

Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում սկսվեց Հայերենագիտական միջազգային 10-րդ գիտաժողովը, որին մասնակցում են մոտ 50 հայերենագետներ` Հայաստանից և արտերկրից:

Aravot.am-ը ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ են ծառացած արդի հայերենի առջեւ: «Մեր հարուստ հայոց լեզուն բազմաթիվ խնդիրների ունի, որոնք առաջնահերթ կապված են բառարանագիտության հետ: Վերջին 40 տարում այդ ոլորտը ֆինանսավորման խնդիր ունի. բառարանները չեն թարմացվում, նորերը չեն կազմվում: Մինչդեռ շատ երկրներ, այդ թվում՝ հետխորհրդային, կազմում են անձնանունների, տեղանունների, անգամ՝ քաղաքների ու բնակավայրերի բառարաններ»,-ասաց Սերգո Երիցյանը՝ վկայակոչելով այդ ուղղությամբ Հրաչյա Աճառյանի հսկայական աշխատանքը, որն այսօր պետք է շարունակել:

ԼՊՏ պետի խոսքով՝ բառարանը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ընթերցողի եւ մասնագետի: Տեսչություն այս ուղղությամբ ծրագրեր է մշակել. «Եթե ստեղծվի Լեզվի պետական կոմիտե, կարծում եմ՝ կանոնադրական առաջին քայլը այդ ծրագրերի իրականացումը կլինի: Օրինակ` Լիտվան տեղանունների եւ անձնանունների հզոր բառարան-բացատրություններ ունի, որոնք հասանելի են համացանցում»,-հավելեց Երիցյանը: Նա կարծում է, որ ժամանակն է Լիտվայի փորձով լեզվական հարստությունը տեղափոխելու համացանցային տիրույթ:

Նշենք, որ գիտաժողովն աշխատանքը կշարունակի նաեւ վաղը: Մասնակիցները զեկուցումներով կանդրադառնան լեզվի ուսումնասիրության ոլորտներին` ընդհանուր և համեմատական լեզվաբանություն, բարբառագիտություն, արդի հայերենի տեսություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Անգրագիտությունն ապրած կենա եւ օտար լեզուները` հատկապես անգլերենն ու ռուսերենը: Ի՞նչ հայերեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031