«Սահմանադրական փոփոխումներ ասածը իմ սկզբունքների մեջ մտած է»,- նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:
Արագածոտնի մարզում գումարած «Այո» շտաբի նիստի ընթացքում, որը ղեկավարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանն ասել է, թե մի քանի գյուղից համապատասխան թվով ձայներ կբերի: Լրագրողները Բազմասեր Առաքելյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ մեխանիզմներով է պատրաստվում այդ ձայները բերել, նա պատասխանեց. «Միայն ժողովրդին իրազեկելու, միայն ժողովրդին հավատ ներշնչելու, որ այո ասածը իսկական մեր ժողովրդի առօրյա կյանքում մեր պետության համար բարեփոխումներ են»:
Հարցին, թե պատգամավորը համոզվա՞ծ է, որ ժողովուրդը լսելու է եւ Սահմանադրության փոփոխությունների նախագծին այո է քվեարկելու, նա պատասխանեց. «Մեզնից հասնում է ժողովրդին իրազեկենք, ոչ թե ստիպենք: Ժողովուրդը իր ընտրությունը ցույց կտա, արդյունքը կերեւա հանրաքվեից հետո: Բայց մեր պարտականությունն այն է որպես պատգամավոր, որպես այդ տարածքում ապրող մարդ իրազեկենք այդ մարդկանց, ասենք ինչն է»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե կոնկրետ քանի՞ համայնքների համար է պատասխանատվություն ստանձնում, Բազմասեր Առաքելյանն ասաց. «Թո՛ղ մնա գաղտնիք, մեկ ա երեւալու ա էլի: Բոլոր տեղերում ինչքան հնարավորություն ունեմ մարդկանց կողքը կանգնելու, մարդկանց իրազեկելու, իրազեկելու, շեշտում եմ, ոչ թե ստիպելու»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































