Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. Չեմ կարծում, որ տեղին է այս պարագայում գնահատել ԱՄՆ դեսպանի ասածը

Նոյեմբեր 11,2015 18:00

«Հայաստանում հավատարմագրված յուրաքանչյուր դեսպան կարող է իր գնահատականներն ունենալ, որոնց կապակցությամբ կարծիքները կարող են տարբեր լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նոյեմբերի 11-ին ելույթ էր ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ: Դեսպանը իր ելույթի ընթացքում անդրադարձել է նաեւ Հայաստանում կոռուպցիայի առկայությանը:

«Մեր հայ բարեկամների հետ ես պետք է անկեղծ լինեմ այն իրական կորուստների վերաբերյալ, որոնցով Հայաստանը հատուցում է կոռուպցիայի համար: Այս մասին ես լսում եմ հնարավոր ամերիկյան ներդրողներից և շարքային քաղաքացիներից, երբ ես շրջագայում եմ երկրով: Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական և քաղաքական հետևանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը:

Օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով. եթե նրանք նկատում են, որ կոռուպցիան կեղեքում է երկիրը, ապա նրանք կամ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց, կամ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները: Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել և պահպանել այն»:

Կորյուն Նահապետյանը համարում է, որ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր դիվանագետ իր ուրույն մեկնաբանություններն ունի այս կամ այն խնդրի կապակցությամբ. «Եթե մենք փորձենք տարբեր դեսպանների կարծիքները քաղաքական հարթություն բերել, մեկնաբանություն հնչեցնել, գնահատականներ տալ, կարծում եմ՝ մենք մտնում ենք անլուրջ քննարկման դաշտ, եւ ես չեմ կարծում, որ տեղին է այս պարագայում գնահատել դեսպանի ասածը Ձեր նշված խնդրով»:

Ըստ նրա՝ դիվանագիտական առաքելության մանդատը որոշակի տրամաբանություն ունի, եւ օտար պետությունների ներկայացուցիչները որեւէ իրավունք չունեն միջամտել ներքին գործերին. «Իհարկե՛, կարող են կարծիքներ հնչեցնել տարբեր երեւույթների եւ իրադարձությունների կապակցությամբ, բայց միջամտություն ունենալ, ուղղորդել, նման բաները կարծում եմ՝ ճիշտ չէ՝ անկախ նրանից, թե որ երկրի դեսպանն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30