Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույսի երաժշտություն»

Նոյեմբեր 11,2015 22:15

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտներն այսօր նվագեցին «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի շահառու երեխաների համար: Նրանք այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հյուրերն էին։ Երեխաների համար ներկայացվեց «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչեցին հատվածներ Ա. Խաչատրյանի մանկական ալբոմներից։

Մինչև համերգը, «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառու երեխաները շրջեցին թանգարանում, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին: Նրանց ներկայացվեցին կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը:

«Արդեն մի շարք ծրագրեր ենք իրականացրել «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ և համագործակցության երկար պատմություն ունենք, բայց այս համերգը յուրահատուկ է: Շատ կարևոր է, որ Հայաստանում կա փառատոն, կա հիմնադրամ, որոնք մտահոգ են մեր երեխաների ապագայով, ճակատագրով, և եթե դասական երաժշտությունը կարող է այդ երեխաներին լույս բերել, մենք պատրաստ ենք տալ այդ լույսը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Հույսի երաժշտություն» համերգային ծրագրի ընթացքում Չայկովսկու անվան դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Վլադիմիր Մանուկյանը, օրինակ, կատարեց Ա. Խաչատրյանի «Հեծյալը» ստեղծագործությունը: Նա մեկ ամսում է սովորել այն նվագել: Ասում է, որ երբեք ձի չի նստել, երազում է դրա մասին, «բայց ջայլամ եմ նստել»,- հավատացնում է նա:

«Գայանե» բալետից Այշեի պարը ջութակով (դաշնամուրի նվագակցությամբ) կատարեց նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արման Գասպարյանը: Նա տեսել է «Գայանե» բալետը և տպավորվել է հատկապես Այշեի պարով:

Չայկովսկու անվան դպրոցի աշակերտների կատարմամբ հնչեցին նաև Խաչատրյանի «Այսօր արգելված է զբոսնելը», «Էտյուդ», «Ծննդյան օրը», «Երկու կռվարար կանայք» և այլ ստեղծագործություններ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30