Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ հիմա դեժավյու է, նույն սցենարը, կարծես, նույն ձեւով կրկնվում է». Բագրատ Եսայան

Նոյեմբեր 16,2015 22:22

Դաշնակցության անդամները «Այո»-ի ակտիվ քարոզարշավ են անցկացնում մարզերում: Բագրատ Եսայանը նոր է վերադարձել Կոտայքի ու Արագածոտնի մարզերից:

«Մարդկանց հետաքրքրվածությունը կար, կային մարդիկ, որոնք ավելի շատ «Ոչ»-ի կողմից էին հարցեր տալիս, բայց մեր խումբը բավարար չափով կարողություն ու հնարավորություն ունեցավ բացատրելու՝ ինչո՛ւ պետք է այո ասեն: Ընկալումը շատ լավ էր, մարդիկ շատ բարյացակամ էին»,- իր տպավորություններով կիսվեց Բագրատ Եսայանը:

Մեր հարցին՝ դո՞ւք էլ եք արձանագրել մարզերում ընտրողների ուռճացված ցուցակներ, պարոն Եսայանն ասաց. «Ես գնահատական չեմ տալու որեւէ երեւույթի, որը կապված է քվեարկության գործընթացի, ցուցակների հետ, որովհետեւ ծանոթ չեմ ոչ մեղադրողների փաստարկներին, ոչ պետական մեքենայի փաստարկներին: Ով որ ուսումնասիրել է՝ նրան հարցրեք»:

Նա պատմեց, որ մարզային հանդիպումներին, որոնց ինքը ներկա է եղել, նկատել է՝ քաղաքացիները բավականին տեղեկացված էին. «Որովհետեւ նույնիսկ հոդվածներով էին հարցերը տալիս,  կոնկրետ այս հոդվածն այսպես է ձեւակերպված, հատկապես երկրորդ, երրորդ գլուխների ու ՏԻՄ լիազորությունների մասին էին հարցերը»:

Մեր հարցին, թե «Ոչ»-ի քարոզողները մարզային այցելությունների ժամանակ խոչընդոտների են հանդիպում, օրինակ արգելքներ գյուղապետարանի կողմից, ինչը չեն ունենում «Այո»-ի քարոզողները. Այս մոտեցումը անհավասար պայմաններ չի՞ ստեղծում, պարոն Եսայանը չհամաձայնեց: Նա պատմեց, որ մի քանի կլոր սեղան քննարկումների է մասնակցել եւ ոչ-ի հինգ  կողմնակից էր մասնակցում ու մեկ  այո-ի մասնակից, դա էլ ինքն էր. «Հիմա չգիտեմ, տասներկու ընտրություն է եղել 1995-ից այս կողմ. հինգ խորհրդարանական, հինգ նախագահական եւ երկու սահմանադրության ընդունման ու բարեփոխումների ընտրություն, սցենարը մշտապես նույնն է, ընդդիմադիր կողմնորոշում ունեցողները քարոզարշավների միջանկյալ փուլում սկսում են մեղադրանքները, թե իշխանությունը օգտագործում է վարչական ռեսուրս , ընտրությունների օրվա համար  խոսում են ընտրախախտումներից, մամուլը ընտրախախտումներ է սկսում հավաքել, ընտրությունների հաջորդ օրը ժողովուրդ են սկսում դուրս բերել փողոց, անցնում է մի շաբաթ ու ամեն ինչ վերջանում է: Այսինքն, տասներկու անգամ նույն սցենարը կրկնվել է, ինձ մոտ հիմա դեժավյու է, նույն սցենարը, կարծես, նույն ձեւով կրկնվում է: Չեմ կարող գնահատել, որովհետեւ ինքս չեմ տեսել, իմ առջեւ չի կատարվել, չեմ կարող գնահատական տալ ոչ-ի քարոզողների տեղեկություններին»:

Պարոն Եսայանի խոսքով, իրենց հաջորդ մարզային այցելությունը  Վայոց Ձոր եւ Սյունիքի մարզեր կլինի: Իսկ իր մարզային այցելությունների ընթացքում տպավորություն ունի, որ հանրաքվեն կանցնի թեթեւակի լարված մթնոլորտում. «Փորձ է արվում լարվածություն մտցնել քաղաքացիական անհնազանդության կոչերով, հենց սահմանդրության բովանդակությունը մի կողմ դնելով եւ սահմանադրական բարեփոխումների քվեարկության օրը հասցնել քաղաքական գործընթացի բեկումնային կետի: Սա քաղաքական որոշ ուժերի ակնկալիքն է, դատելով թե նախորդ քսան տարվա փորձից, թե քարոզարշավի ընթացքում ընդհանուր մթնոլորտից: Կարծում եմ, որ բեկումնային փոփոխություններ չեն լինի ամբողջ գործընթացում, փոքր լարումներ կլինեն ինչ-որ հատվածներում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30