Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե հիմա քանի մարդ է մասնակցում հանրահավաքին՝ քիչ նշանակություն ունի»

Դեկտեմբեր 12,2015 16:00

Փորձագետը՝ քաղաքական ուժերի կողմից քաղաքական ամբիոններն օգտագործելու մասին

«Առավոտը» քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ խոսել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո քաղաքական ուժերի եւ դրանց ներկայացուցիչների պայքարի մասին. արդյոք ճի՞շտ են օգտագործվում ԱԺ ամբիոնն ու հրապարակները մարդկանց իրենց հաղորդագրությունները ներկայացնելու, քաղաքական խնդիրներ լուծելու համար (վերջին զարգացումների ֆոնին սոցցանցերում եւ լրատվական կայքերում հատկապես քննարկվում են Զարուհի Փոստանջյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Նիկոլ Փաշինյանի քայլերը. կա ե՛ւ քննադատություն, ե՛ւ համակրանք ):

Փորձագետը մեզ հետ զրույցում որեւէ մեկի քայլերի մասին գնահատական չցանկացավ տալ. «Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչպես օգտագործել քաղաքական ամբիոնները՝ լինի ԱԺ ամբիոնը, հանրահավաքի հարթակները, հեռուստատեսությունը, թե մամուլի ակումբները: Այստեղ չենք կարող որեւէ կանոնակարգ նշել, որով պետք է քաղաքական ուժը շարժվի. դա բխում է իրադրության նպատակահարմարությունից»,- ասում է փորձագետը՝ նշելով, որ լավ է, երբ այդ ամբիոնները քաղաքական ուժերն օգտագործում են, սակայն առավել կարեւոր է, թե ինչ բովանդակություն են հաղորդում իրենց ասելիքին:

Մեր դիտարկմանը՝ քաղաքական ուժերից հատկապես հրապարակում կանգնածները հասարակությանը փողոց դուրս գալու, պայքարելու կոչեր են անում, բայց օր օրի ցուցարարների շարքերը նոսրանում են, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ընդդիմության ասելով չէ, որ հասարակությունը պետք է փողոց դուրս գա: Հասարակությունն է դա որոշում, ոչ թե ընդդիմությունը:

Այդ հարցը շատ է քննարկվում, որ հանրահավաքներին մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվում, դա նշանակում է, որ ընդդիմությունը թուլացել է: Բայց պետք է հաշվի առնենք, որ պաշտոնական տվյալներով, որը չնայած իրականությանը չի համապատասխանում, «ոչ» է քվեարկել մոտ 420 000 մարդ: Դա այն «ոչ»-ն էր, որ ընդդիմությունը կարողացավ ապահովել:

Թե հիմա քանի մարդ է մասնակցում հանրահավաքին՝ քիչ նշանակություն ունի: Այսօր տեխնոլոգիան զարգացած է այնքանով, որ մարդիկ ոչ թե գալիս են հանրահավաք, այլ ընդամենը տանը նստած ինտերնետով դիտում են հանրահավաքը»: Պարոն Բադալյանը մարդկանց սակավության պատճառը համարում է մեծ թվերի հասնող արտագաղթը. «Քիչ մարդ է մասնակցում հանրահավաքներին, որովհետեւ մարդիկ երկրից հեռացել են: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մոտ կես միլիոն մարդ հեռացել է Հայաստանից: Պետք է հասկանանք, որ հասարակությունն ունի այն պոտենցիալը, որ իշխանությանն ասի՝ ոչ, բայց չունի այնքան պոտենցիալ, որ այն դե յուրե ամրապնդի: Այստեղ հասարակության թուլացումն է խնդիրը, ոչ թե ընդդիմության՝ քաղաքական հարթակի ճիշտ եւ սխալ օգտագործումը»:

Խոսելով իշխանության կողմից իր հնարավորություններն օգտագործելու մասին՝ Արմեն Բադալյանն ասում է. «Եթե իշխանությունը կարողանար ճիշտ օգտագործել իր լծակները, ապա ընտրակեղծիքների չէր դիմի. բայց եղան կրկնակի քվեարկություններ, լցոնումներ եւ այլն»:

Քաղաքական որոշ ուժերի հայտարարությունը հեղափոխության մասին, ըստ փորձագետի, անիրատեսական է. «Այդ քաղաքական ուժն էլ ունի իր հռետորաբանությունը, բայց բնականաբար այդ հեղափոխությունը չի լինի: Իհարկե, մենք անընդհատ կխոսենք հեղափոխությունից, բայց դա չի լինի»:

Ըստ փորձագետի՝ հայաստանյան քաղաքական կյանքն իր դրսեւորումներով բացասական ազդեցություն կունենա հասարակական տրամադրությունների վրա. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ամեն համապետական ընտրություններից հետո արտագաղթի տեմպերը կտրուկ մեծանում են: Հիասթափության հետ է կապված դա: Հասարակության գիտակցության մեջ արմատավորվեց, որ կեղծիքով են եղել ընտրությունները. դա կազդի ե՛ւ տնտեսական վիճակի, եւ՛ քաղաքացիական հասարակության զարգացման վրա»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ահա նորէն «մասնագէտ» մը

    արդէն միայն մասնագէտներ կան այդտեղ…

    յեղափոխական ցուցարարների վերաբերեալ իր կարծիքը յատկապէս… ծիծաղելի է (այլ բառեր չգործածելու համար)

    ուրեմն, յեղափոխութիւնը «տանը նստած ինտերնետով» տեղի պիտի ունենայ…

    հոյակապ

    մի քիչ աւելի լուրջ վերլուծում մը հետեւեալն է՝ այո, իշխանութիւնից դժգոհներին թիւը վստահաբար աւելի բարձր է, քան թէ յեղափոխական կոչերով փողոց իջնողներինը, որովհետեւ դժգոհների մեծամասնութիւնը անգամ չի ուզում յեղափոխութիւն, այլ՝ օրինաւոր ու կանոնաւոր, նորմալ գործընթացով փոփոխութիւններ (ոչ իսկ անպայման իշխանափոխութիւն)

  2. Հ.Շ. says:

    նաեւ, Պարոն Մասնագէտը դժգոհների թիւը հաստատում է հանրաքուէյին «ոչ» քուէարկողներու թիւին հիման վրայ

    այդ մէկն ալ, մանաւանդ մասնագիտական մօտեցումով, ճիշդ չէ

    որովհետեւ,
    հակառակ թէ ոչ-ի եւ թէ այո-ի կարգ մը պարագլուխների ջանքերին, հանրաքուէն իշխանափոխութեան մասին չէր

    հետեւաբար, կարող է որ նոյնիսկ «այո» քուէարկողներ համաձայն չլինեն status quo –ին հետ, ուզեն հիմնական փոփոխութիւններ, եւ հաւատան որ այդ անհրաժեշտ փոփոխութիւններին իսկ նպաստելու է փոխված սահմանադրութիւնը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031