Լրահոս
Օրվա լրահոսը

Թերլեմեզյանի 150 աշխատանքների մի մասն առաջին անգամ է ցուցադրվում

Դեկտեմբեր 15,2015 23:12

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես:

Ազգային պատկերասրահում թերլեմեզյանական հինգ տասնյակ կտավներ ներկայացված են մշտական ցուցադրության, իսկ հոբելյանի առթիվ դրանց թիվն ավելացել է ևս հարյուրով, որոնք զետեղվել են կտավների մայր պահոցի չորս սրահներում: Այսպիսով՝ արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 150 աշխատանքներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են ամբողջական ներկայացնել արվեստագետի անցած ստեղծագործական ուղին՝ ցուցադրելով տարբեր տարիների արված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ:

Այդ աշխատանքներից բացի, ցուցադրության են հանվել նաև Փ. Թերլեմեզյանի որոշ անձնական իրեր և նրան վերաբերող արխիվային նյութեր:

Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ Փ. Թերլեմեզյանի արխիվային նյութերը բավականին շատ են. «Նա հետևողականորեն պահել է ամեն ինչ՝ լուսանկարներ, նամակներ և այլն»:

«Թերլեմեզյանի նման նկարիչներն իրենց հոգեկան ապրումներով կապված են ժողովրդի և հայրենիքի ազատության հետ,- ասում է արվեստաբան Շահեն Խաչատրյանը,- Թերլեմեզյանը կարևոր դերակատարություն է ունեցել ոչ միայն հայ արվեստի, այլև պատմության մեջ: Նա 1915-ի Վանի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպիչներից էր»:

Արվեստագիտության թեկնածու Մերի Կիրակոսյանն ուսումնասիրել ու մենագրությամբ ներկայացրել է Թերլեմեզյանի կյանքն ու ստեղծագործությունը: «Թերլեմեզյանի բազմաժանր ժառանգության մեջ առանձնանում են հատկապես ռեալիստական բնապատկերները: Կարծում եմ՝ նկարչի գեղարվեստական տարերքն արտահայտվում է բնանկարային աշխատանքներում»,- ասում է Մերի Կիրակոսյանը:

Հավելենք, որ Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 15-ը: Առաջիկայում պատրաստ կլինի նաև նրա գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներն ամփոփող պատկերագիրքը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031