Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարբերությունը միայն Հայաստանում չէ». «Քամու հետքերով»

Հունվար 15,2016 23:57

Ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանը երկու տարի անց կարճատև ժամանակով կրկին Հայաստանում է: Վերադառնալու պատճառներից մեկը նրա «Քամու հետքերով» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան է, որը հունվարի 15-ին տեղի ունեցավ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:

Ներկայումս Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում բնակվող ռեժիսորի ֆիլմը պատմում է մի արվեստագետի մասին, որը, տեսնելով մարդկանց անտարբերությունն արվեստի գործերի հանդեպ, ի վերջո ընտրում է մեկ այլ ուղի, որով կկարողանա գումար վաստակել: Այս հերոսի պատմությանը զուգահեռ զարգանում է հերոսուհու պատմությունը: Նա էլ աշխատում է մեկ այլ բնագավառում, իսկ հետո ընտրում արվեստի ճանապարհը:

«Փոխվում են նրանց դերերը, և արդեն աղջիկն է իր կտավները վաճառում մարդաշատ վայրերում: Շեշտը դրված է անհատի ընտրության ազատության վրա: Նա կարող է ազատ ընտրել իր ուղին: Զուտ մարդկային, այլ ոչ թե ռեժիսորական առումով իմ համակրանքը աղջկա կերպարի կողմն է. նա ընտրեց իր խենթ ճանապարհը, գույներով ստեղծեց իր ճիչը: Բայց տղայի որոշումը նույնպես սխալ չէր: Նա ուզում էր ամեն կերպ իր երեխաների համար հաց ստեղծել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուրո Սայանը:

Նա վստահեցնում է, որ արվեստի գործերի նկատմամբ անտարբերությունը միայն Հայաստանում չէ. «Դրսում էլ է նույն բանը կատարվում: Մեր պատկերացմամբ այնտեղ երկնքից մանանա է թափվում, բայց դա այդպես չէ: Եվրոպայում էլ կան շատ նկարիչներ, որոնք մարդաշատ վայրերում վաճառում են իրենց աշխատանքները, և մարդիկ անտարբեր անցնում են նրանց կողքով: Բոլորը շտապում են, բոլորը «կարևոր» գործեր ունեն, ու ոչ մեկը չի նայում՝ ինչ է վաճառում այդ մարդը»,- ասաց Ա. Սայանը:

Ահա այսպիսի տեսարաններն էլ նրա մեջ ծնել են «Քամու հետքերով» ֆիլմի գաղափարը. «Ուզեցի ցույց տալ, որ այդպիսի մարդիկ կան և´ Հայաստանում, և´ Եվրոպայում, և´ընդհանրապես ամենուր»:

«Քամու հետքերով»-ը 13 րոպե տևողությամբ համր ֆիլմ է. «Ես համոզված եմ, որ արվեստի լեզուն համամարդկային է: Եթե անգամ ֆիլմում երկխոսություններ լինեին, ես կնախընտրեի չթարգմանել դրանք: Երբ ֆիլմում խոսքեր չկան, կամ լեզուն չես հասկանում, բայց դերասանն իր էմոցիաների միջոցով կարողանում է քեզ հասցնել ռեժիսորի ասելիքը, նշանակում է՝ ֆիլմը հաջողել է»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ֆիլմի հերոսները մասնագիտությամբ դերասաններ չեն: Տղայի կերպարը մարմնավորել է օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը, աղջկանը՝ Ելենա Գալստյանը, որը ճապոնագետ է. «Երկար փնտրտուքներ չեն եղել. ես իմ ուզած կերպարներին սցենարի ծնվելու հետ տեսա իմ շրջապատում»,- ասում է Ա. Սայանը:

Ռեժիսորն այս ֆիլմն էլ է իր նախորդ ֆիլմերի նման անվանում ֆիլմիկ, թեև տեսնում է, որ սա անհամեմատ ավելի հասուն աշխատանք է. «Կարծում եմ, որ դրանք էքսպերիմենտալ ֆիլմիկներ են: Ես թատերական բեմադրիչ եմ և կինոյում իմ քայլերն անում եմ դեռևս էքսպերիմենտալ շերտում: Գուցե տեխնիկական ինչ-ինչ գիտելիքների կարիք կա: Դրա համար հիմա սովորում եմ Գերմանիայում, ուզում եմ մասնագիտանալ կինոռեժիսուրայի մեջ: Այնպես որ, զուտ փառատոների համար նկարահանված այդ ֆիլմիկներն ուղղակի արված են կինոասպարեզում քայլ անելու, կինոյի աշխարհը ճանաչելու, սխալվելու և ինչ-որ բաներ սովորելու համար»,- ասաց Ա. Սայանը:

Հավելենք, որ «Քամու հետքերով» կարճամետրաժ ֆիլմը մոտակա ժամանակներում չի ցուցադրվի, քանի որ ռեժիսորը ցանկանում է այն ներկայացնել մի քանի փառատոների:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031