Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետը խնդրում է Էռնեկյանին՝ «Զեռք մի՛ տվեք «Զվարթնոցին» (Տեսանյութ)

Հունվար 18,2016 14:43

«Ես միակ ողջ մնացած ներկայացուցիչն եմ, որը տեսել եւ հիշում է՝ ինչպես նախագծվեց եւ կառուցվեց «Զվարթնոց» օդանավակայանը: Նախագծողներն իմ մտերիմ ընկերներն էին: Քանդելով կառուցելու մշակույթն անընդունելի է»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու որոշման մասին, ասաց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը: Նա այն մտավորականներից է, որոնք միանում են շենքը քանդելու դեմ պայքարին: Նրանք մտավախություն ունեն, որ հարցը էստակադան քանդելով չի ավարտվելու, ի վերջո, հին օդանավակայանը կորցնելու ենք:

«Այն մարդը, ով գնել է օդանավակայանը, աշխարհի շատ պետություններում ունի նման օդանավակայաններ եւ հիմա գտնում է, որ հին օդանավակայնը հարմար չէ իրեն: Էռնեկյանը կարծում է, որ հին օդանավակայանը չի համապատասխանում ժամանակակից պայմաններին, բայց չէ որ նորը կարելի է հարեւանությամբ կառուցել: Նա գնում է դեպի պարզություն, բայց նրան եւ կառավարությանը կխնդրեի ետ կանգնել քանդելու որոշումից: Օդանավակայանը գեղեցիկ է կառուցված, որոշ բաներ կարելի է ամրակայել: Ասում են, թե քանդվելու ենթակա է, բայց նույն պատճառաբանությամբ Լենինի արձանի պատվանդանն էին ուզում քանդել, եւ այնքան ամուր էր, որ չէին կարողանում պայթեցնել: Օդանավակայանը 200 տարվա «ռեզերվ» ունի»,-ասաց Ֆերդինանդ Առաքելյանը՝ հավելելով՝ «Էռնեկյանին խնդրում եմ՝ ձեռք մի տվեք այդ կառույցին, ժողովուրդը սիրում է այն, իսկ եթե սիրում է, ուրեմն ձեռք տալ չի կարելի»:

Ճարտարապետը նաեւ տեղեկացրեց, որ ֆրանսաբնակ հայ ճարտարապետներից մեկն առաջարկել է նախագիծ, որով հին օդանավակայանը կարելի է արդիականացնել՝ առանց քանդելու. «Ի վերջո, կարելի է տարբերակ գտնել: Չեմ ասում, թե Էռնեկյանն այդ ամենը թշնամաբար է անում: Պարզապես արժեքն այսօր ոչ թե մտավորականի կարծիքն է, այլ փողը. մարդիկ փող ունեն՝ դնում քանդում են, օլիգարխիկ պետություն է կառուցվում, սա է դժբախտությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031