Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է ամուսնանալ զուտ ամուսնացած լինելու համար

Հունվար 21,2016 15:35

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գնալով մեծանում է, սակայն դժվար է հստակ նշել, թե որոնք են հիմնական պատճառները: Իսկ դրանք, ըստ հոգեբան Արկադի Մեհրաբյանի և իրավաբան Էմիլ Մարկոսյանի, բազմաթիվ են ու բազմաբնույթ: Կարող են լինել ինչպես բավականին ծանրակշիռ, այնպես էլ շատ չնչին պատճառներ:

«Պատճառներից թերևս ամենագլխավորը, ըստ իս, սխալ դրված հիմքն է: Երբեմն ամուսնանում են զուտ ամուսնացած լինելու համար: Երկրորդը ցածր իրավագիտակցությունն է: Կարևոր պատճառ է նաև դերերի ոչ ճիշտ լինելը. ընդհանրապես տղամարդը պետք է ուժեղ լինի, իսկ մեր օրերում հաճախ կանայք են ավելի ուժեղ, որոշումներ կայացնող: Կանայք ավելի դիմացկուն են, տղամարդիկ դժվար են անցումային փուլը հաղթահարում»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:

Իրավաբան Էմիլ Մարկոսյանի փոխանցմամբ՝ 2013 թվականի համեմատությամբ՝ 2014 թվականին ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է 19,8%-ով: «Ամուսնալուծությունների աճը, ըստ իս, պայմանավորված է հիմնականում հաղորդակցության պակասով: Կողմերը նաև պետք է հասունանան այնքան, մինչև որ պատրաստ լինեն ամուսնանալու: 2012 և 2013 թվականներին, օրինակ, նախաամուսնական տարիքը Հայաստանում աղջիկների համար 24 տարեկանն էր, տղաների համար՝ 26-ը: 2013-ից մինչ օրս նախաամուսնական տարիքը աղջիկների համար դարձել է 27 տարեկանը, տղաների համար՝ 28-30-ը»,- նշեց իրավաբանը:

Հոգեբանը, սակայն, նկատեց, որ ֆիզիոլոգիական տարիքը ընդհանրապես կապ չունի հոգեբանական տարիքի հետ. «Մարդը կարող է 45 տարեկան լինել, բայց պատրաստ չլինել ամուսնության: Շատերը կարծում են, որ մի քանի տարի ուշ են ամուսնանում, ավելի հասուն են դառնում: Այդպիսի բան չկա, որովհետև հաճախ կարելի է հանդիպել հասուն երիտասարդների և մանկական հոգեբանական տարիքում գտնվող տարեցների»,- ընդգծեց Ա. Մեհրաբյանը:

Հաճախ սոցիալական դրությունն էլ են համարում ամուսնալուծության հիմնական պատճառ, սակայն Էմիլ Մարկոսյանը գտնում է, որ դա երկրորդական է. «Շվեյցարիան հարուստ, զարգացած երկիր է, բայց ամուսնալուծությունների թվով առաջիններից է: Այնտեղ չորս ամուսնությունից երեքն ամուսնալուծությամբ է ավարտվում: Այնպես որ, սոցիալականը կարելի է մի կողմ դնել»:

Իրավաբանի փոխանցմամբ՝ ամուսնալուծության համար դատարան դիմում են հատկապես կանայք: Իսկ ճգնաժամային տարիքը 30 և 40 տարեկանն է. «Ամուսնալուծությունները հիմնականում լինում են ամուսնության առաջին տարում, երբ զույգերը փորձում են «սովորել իրար», և հինգերորդ տարում, երբ սիրահարվածությունը, հրապուրանքն աստիճանաբար նվազում է»,- հավելեց Է. Մարկոսյանը:

Ինչ վերաբերում է այս հարցում հոգեբանների միջամտությանը, Ա. Մեհրաբյանը նշեց, որ հոգեբաններին դիմում են միայն այն զույգերը, որոնք պատրաստ են փրկել ընտանիքը, իսկ ովքեր հստակ միտված են ամուսնալուծության, չեն դիմում. «Ամենաանգրագետ մարդն էլ գիտի, որ հոգեբանը, այսպես թե այնպես, ձգտելու է կառուցել, ոչ թե քանդել, բայց քանի որ դա նրանց պետք չէ, ուղղակի չեն դիմում»,- ասաց նա:

Հետագայում ամուսնալուծություններից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ընտանիք կազմելիս հիմքը ճիշտ դնել. «Ամեն ինչն է այդպես. եթե, օրինակ, շենք կառուցելիս հիմքը լավ չդնես, ինչքան էլ հետո հենասյուներ ավելացնես, միևնույն է, այն քանդվելու է: Սոցիալական և մյուս պատճառներն ընդամենը տեխնիկական խնդիրներ են: Ի՞նչ տարբերություն՝ բարդությունը ֆինանսական է, թե ներանձնային: Բարդություն է, որը պիտի հաղթահարես: Եթե մարդը պատրաստ չէ դժվարություն հաղթահարելու, նրա ո´չ ընտանիքը կլինի ընտանիք, ո´չ գործը կլինի գործ: Ոչ մի ոլորտում էլ չի կարողանա իր տեղը գտնել»,- շեշտեց Ա. Մեհրաբյանը:

Իսկ իրավաբանը խորհուրդ է տալիս նախքան ամուսնանալը լավ կշռադատել՝ արդյոք պատրա՞ստ են ընտանիք կազմելու, գիտակցո՞ւմ են իրենց ոչ միայն իրավունքները, այլև պարտականությունները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031