Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրով. Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում «Լավրովի փաստաթուղթ չկա». Ria

Հունվար 26,2016 14:36

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ նոր փաստաթղթերի ընդունման նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, Ռուսաստանի 2015 թվականի արտաքին քաղաքական գործունեության վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում արել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Լավրովի փաստաթուղթ» կամ ինչ-որ այլ անձի փաստաթուղթ գոյություն չունի»,- ասել է Լավրովը։ Նա պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում «Լավրովի առաջարկներ կամ փաստաթուղթ» է հայտնվել։

Նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մի քանի փաստաթուղթ կա. «Կա 5-6 փաստաթուղթ, որոնք համանախագահները պատրաստել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը է եղել այն մասին, որ առաջին քայլը պետք է հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթերի պատրաստումը լինի։ Հետո այդ սկզբունքների հիման վրա պետք է պատրաստվի արդեն խաղաղության համաձայնագիր, որը կունենա իրավաբանական պարտավորություններ եւ քաղաքական բնույթ չի կրի»։

Նա հավելել է, որ այդ փաստաթղթի տարբեր տարբերակներ ի պահ են հանձնվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին. «Ի պահ հանձնված փաստաթղթերը գտնվում են կազմակերպության չհրկիզվող պահարաններում։ Դրանք միակ թղթերն են, որոնք կարող են փաստաթղթեր համարվել»։

Լավրովը հիշեցրել է, որ վերջերս, որոշակի դադարից հետո, հակամարտության կողմերն ընդունելի լուծումներ գտնելու նպատակով վերականգնել են դիվանագիտական շփումները. «Այդպիսի լուծումներն այժմ փնտրվում են գաղափարների մակարդակով, բարձր մտածմունքի մակարդակով։ Ես իմ Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ մի քանի անգամ հանդիպել եմ։ Մենք դա քննարկում ենք նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների հետ։ Այլ փաստաթղթեր գոյություն չունեն»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031