Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Բանաձեւը հնարավորություններ է տալու Ադրբեջանին մեզ մեղադրելու Ղարաբաղը զավթելու մեջ

Հունվար 26,2016 20:55

«Ձեռնարկեցին, բայց շատ անհաջող: Որովհետեւ առաջին փաստաթուղթն է պատմության մեջ, եւ դա Սերժ Սարգսյանի յուրահատուկ ժառանգությունն է հայ ժողովրդին, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղն օկուպացված է Հայաստանի կողմից»,- պատասխանելով Aravot.am-ի`Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա հակահայկական զեկույցները չեզոքացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ հարցին՝ ասաց Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերտառությամբ զեկույցը մերժվեց եւ հետ ուղարկվեց քաղաքական հարցերի հանձնաժողով, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց:

Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ Միլիցա Մարկովիչի զեկույցում ներառված «Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղն օկուպացված է Հայաստանի կողմից» ձեւակերպումը շատ վտանգավոր է. «Եվ դա արդյունք է նաեւ այն քաղաքականության, որ վարում է Հայաստանը և բանակցությունների: Ես շատ ափսոսում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նման մեծ խաղաքարտ է տրվել Ադրբեջանին»:

Նա շեշտեց, որ Հայաստանն իր անկախության պատմության ընթացքում, հատկապես մինչև 2008թ., կարողացել է բոլորին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի հարցն ինքնորոշման հարց է. «Իսկ այս փաստաթղթի 4-րդ հոդվածում նշվում է, որ Վեհաժողովը դատապարտում է, քննադատում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարակից այլ տարածքների զավթումը: Իսկ 7.1 հոդվածը ուղիղ պահանջում է հայկական ուժերի դուրս բերում ԼՂ-ից և հարակից տարածքներից: Շատ լավ է, որ մյուս բանաձեւը չի անցել, բայց իրավիճակը բացարձակ չի մեղմվել և նույնիսկ վատթարացել է: ՀՀԿ-ական ներկայացուցչի կողմից Վեհաժողովում հնչեցրած, այսինքն` պատվիրակության կողմից ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվել են եւ սա խոսում է Հայաստանի ունեցած հեղինակության մասին»:

Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ծառայեցնել մեր շահերին: «Ունենալով այդպիսի հզոր խաղաքարտ, լուրջ փաստարկ, Հայաստանը չի կարողացել դա օգտագործել: Բանաձեւում տեղ գտավ ձեւակերպում, որը Ադրբեջանին մեծ հնարավորություններ է տալու զարգացնելու այդ ստահոդ պնդումը նաև այլ ատյաններում»:

Մեր հարցին, թե Ռոբերտ Ուոլթերի զեկույցը չընդունելու հարցում Մինսկի խմբի հայտարարությունը դերակատարում ունեցա՞վ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Շատ մեծ դերակատարում ունեցավ: Շատ կարեւոր էր եւ դրական եմ վերաբերվում այդ հայտարարությանը: Կրկին ավելի սուր է դրվում պատվիրակության ձախողումը, որ չկարողացավ օգտագործել այդ հայտարարությունը հայանպաստ ձեւակերպում անցկացնելու համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031