Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եվրասիական անապատը. «Ժամանակ»

Փետրվար 03,2016 10:41

Հունվարի 29-ին տարածվեց մի տեղեկատվություն, որը Հայաստանի համար պետք է որ ունենար շատ կարևոր նշանակություն, եթե Հայաստանում հասարակական-քաղաքական մակարդակում արժեք ունենար ադեկվատությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին, նրանից ընդունելով հավատարմագրերը, հայտարարել էր, որ Հայաստանում ամերիկյան ներդրումները պատմական բարձր մակարդակ են արձանագրել, սակայն դա դեռ սկիզբն է միայն:

Երբ նման հայտարարություն է անում մի պետության նախագահ, որն ունի իր ծավալով աշխարհի ամենամեծ տնտեսությունը, և որը նաև հանդիսանում է ոչ միայն ծավալով մեծ, այլ նաև իր բնույթով առաջատար, արդիական տնտեսություն, ու երբ այդ հայտարարությունը վերաբերում է ծանրագույն տնտեսական մարտահրավերների և 35 տոկոս աղքատություն ունեցող մի փոքր պետության, ապա դա իրադարձություն է: Սակայն միայն ոչ Հայաստանի համար, որտեղ ամենասպառվող իրադարձությունը թամաշաներն են, ըստ որում՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր մակարդակներում: Այդ թամաշայի մակարդակում էլ Հայաստանում առ այսօր թութակի նման կրկնվում է ԵՏՄ կոչվող կառույցի տնտեսական հեռանկարների մասին:

Երեկ հրապարակված 2015 թվականի գործունեության հաշվետվության մեջ նույնը կրկնել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը: Եթե մինչև Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն ուժի մեջ մտնելը այս ամենը կարող էին դիտարկվել որպես մոտեցումներ, որոնք ընդունելի կամ անընդունելի կարող են լինել, ապա 2015 թվականից Հայաստանի անդամակցությունից հետո անցած տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշներից հետո սա արդեն դառնում է ուղղակի խայտառակություն, անմեղսունակության դրսևորում, երբ ԱԳՆ-ն կարող է նման բան հայտարարել:

ԵՏՄ բոլոր ոլորտներում ակնհայտ է ցուցանիշների անասելի անկում և ոչ մի հեռանկար, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է ինչ-որ տնտեսական հնարավորությունների մասին: Ու ահա այս ֆոնին ոչ մի էական հայտարարություն այն մասին, թե ինչ է ասել Բարաք Օբաման, ինչ հեռանկարներ կարող են լինել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում, ինչ առաջարկներ ունի այս մասով Հայաստանն ԱՄՆ-ին, ԱՄՆ-ը՝ Հայաստանին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29