Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ «քվոտավորված է»

Փետրվար 05,2016 10:00

Եթե ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը 2017 թվականի, ասենք, մարտին հայտարարեին այն մասին, որ ընտրությունների գնում են դաշինքով, դա շատ նորմալ կլիներ: Եթե այդ կուսակցությունները խորհրդարանական ընտրություններից հետո, հավաքելով որոշակի ձայներ, կազմեին իշխանական կոալիցիա, դա նույնպես կտեղավորվեր սովորական քաղաքական գործընթացի շրջանակներում: Բայց երբ հիմա` ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ, ՀՅԴ-ին տրվում են նախարարական եւ մարզպետական պորտֆելներ, դա արդեն կասկածելի է: Բնական ենթադրություն է առաջանում, որ այդ պորտֆելները դառնալու են լծակներ` հենց ընտրություններում վարչական ռեսուրս օգտագործելու առումով: Այսինքն` տվյալ նախարարության (հատկապես, եթե դա կրթության նախարարությունն է) համակարգում աշխատող մարդիկ պարտավորված են լինելու «աշխատել» այդ կուսակցության օգտին: Նույնը` մարզպետարանի աշխատակիցները, որոնցից նույնպես, ինչպես եւ դպրոցների տնօրեններից ու ուսուցիչներից, շատ բան է կախված:

Նման մոտեցումը նույնպես բացատրելի է, միայն թե պետք չի ասել, որ այդպիսով փոխվելու է իշխանության բնույթը: Այդ «բնույթը» 25 տարի է՝ նույնն է, եւ խաղի այդ կանոններով խաղալով՝ հնարավոր չէ որեւէ բան փոխել: Այդ խաղը տնտեսության մեջ մասնագետներն անվանում են «քվոտավորում»՝ ես բերում եմ ու վաճառում եմ 90 տոկոս բենզին, քեզ թույլ եմ տալիս բերել եւ վաճառել 10 տոկոս բենզին: Պայմանն այն է, որ դու վաճառելու ես ճիշտ նույն գնով, որով ես վաճառելու եմ իմ 90 տոկոսը: 10 տոկոս վաճառողը շահագրգռված էլ չի բենզին վաճառել մեկ դրամ էժան՝ շուկան ընդլայնելու համար, որովհետեւ միեւնույն է՝ նրան թույլ չեն տա վաճառել 10 տոկոսից ավելի:
Քաղաքականության դեպքում «վերահսկիչ փաթեթը», միեւնույն է, ՀՀԿ-ի ձեռքն է լինելու, մնացած կուսակցություններին հնարավորություն կտրվի «կողքից օգտվել»: Ընդ որում, «մնացածը» ասելով՝ ես նկատի ունեմ նաեւ ընդդիմադիր կուսակցությունները: Պարզապես «կոալիցիոն» ուժերն օգտագործելու են վերը նկարագրված լծակները, իսկ ընդդիմադիրները՝ բնակչության սպասելիքները՝ «ե՞րբ են սրանք գնալու, որ լավ ապրենք»: Ընդդիմադիրներն, իհարկե, վերջին խոսքերով հայհոյելու են իշխանավորներին, ասելու են՝ «այս անգամ ռեժիմին չի հաջողվի», «ժողովուրդը միասնական է», «վարչակարգը հոգեվարքի մեջ է» եւ այլն: Բայց նրանք հո գիտեն, որ ամեն ինչ «քվոտավորված է»:

Այնպես որ՝ մեծ հաշվով բոլորը խաղում են միեւնույն կանոններով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ճիշդ ինչէ՞ն զարմացած են կամ բարկացած են մարդիկ, ՀՅԴ-ի «վերադարձով» իշխանութեան կողքին, երբ որ ամէն մարդ շատ լաւ ալ գիտեր եւ յստակօրէն տեսնում էր որ ան երբեք իրապէս չէր դարձած ընդդիմութիւն:

    Այսինքն, եթէ լրջօրէն քննադատելու բան մը կայ՝ անոր ձեւական հեռանալն էր իշխանութիւնից, եւ ոչ թէ այժմու պաշտօնական վերահաստատումը՝ 18 տարիներէ ի վեր անընդհատ – եւ անխուսափելի – իրականութեան:

    Եւ այդ քննադատութիւնը կարելի է կատարել երկու տեսանկիւններից՝

    ա. ինչո՞ւ փորձել մարդոց հաւատացնել որ իշխանութեան դէմ ես, երբ որ փաստօրէն՝ չես. ի՞նչ իմաստ ունի այդ թափանցիկ ձեւակերպութիւնը.
    կամ
    բ. տուեալ կացութեան մէջ, ինչո՞ւ իշխանութեան դէմ պիտի ըլլայիր, ամէն պարագայի…

    Արդարեւ, 1995-էն 1997, այդ ժամանակաշրջանի վարչակարգը յաջողեցաւ ՀՅԴ-ն վերածել այն… բանին, որուն վերածուած է, անկէ ի վեր: Այնուհետեւ, այս կուսակցութեան համար այլեւս անհնար էր Հայաստանի/Արցախի մէջ որեւէ բան իրագործել, իշխանութեան ոլորտէն դուրս: Այսինքն՝ ներսէն ալ երաշխիք չկայ որ կրնայ էական բաներ իրագործել, բայց գոնէ կարելիութիւն մը կայ, կամ յոյս մը, եթէ կ’ուզէք: Մինչ դուրսէն՝ բացարձակ անզօրութիւն:

    Հետեւաբար՝ սխալը դուրս ելլելն էր, ոչ թէ ետ մտնելը (no pun intended…) :

  2. Հարգելի ընթերցող, հազիվ մի քայլ ենք տեսնում քաղաքական դաշտում, սկսում ենք ճատրակի վերլուծությունները, ոչ մի տեղ չի գրված, որ եթե նախկինում չես համագործակցել այսօր էլ պիտի մնաս նույն գամված տեղդ, անկասկած նորություններ ի հայդ կգան այս միասնությունից, անձամբ կնախընտրեմ համագործակցել փողոց դուրս գալու ու անիմաստ հայտարարություններ անելու փոխարեն: Թողենք թող աշխատեն եւ կողքից օգնենք, որ եկող նորությունները ի շահ ժողովուրդին լինի:

    • Հ.Շ. says:

      խնդիր չունիմ որ համաձայն չըլլաս հետս, սակայն իմ գրածիս վերաբերեալ քո մեկնաբանութիւնը հիմնականօրէն սխալ է

      ոչ մէկ նոր քայլ չկայ այստեղ

      համագործակցութիւնը երբեք չէր դադրած…
      հետեւաբար՝ ի՞նչ էր իմաստը ձեւացնելու որ դադրած է…

      ես ալ համաձայն եմ որ վերլուծութիւնները շատ են եւ յաճախ աւելորդ

      անոր համար, խօսում եմ պարզ իրողութիւնների մասին

      ե՞րբ, ո՞ր առիթով արդեօք չի եղել համագործակցութիւն այս կուսակցութեան եւ այս վարչակարգին միջեւ

      «Թողենք թող աշխատեն»… կարծես թէ կարող ենք արգիլել !

      «կողքից օգնենք»… յաջողութիւն քեզի… եթէ կը կարծես որ օգնութեան պէտք ունին, կամ կ’ընդունին անգամ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29