Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ. ՀՀ հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի համար արդյունավետ տարի էր, 2016-ը խոստանում է ավելին

Փետրվար 10,2016 13:14

ՀՀ հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան փետրվարի 9-ին նախագահության նիստ է գումարել: Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է 2015թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու տարվա գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես, հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի 2015 թվականի մարզական եւ զանգվածային միջոցառումների ծրագրով նախատեսվել և մեծահասակների, երիտասարդների ու պատանիների համար կայացել են մի շարք հանրապետական առաջնություններ՝ խճուղային և հեծանվահրապարակային մարզաձևերով: Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան աննախադեպ արդյունքներով մասնակցել է նաև եվրոպական և աշխարհի առաջնությունների՝ եվրոպական առաջին խաղեր, հեծանվահրապարակի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոն:

<<Մեր Էդգար Ստեփանյանը անցյալ տարվա ընթացքում նախ նվաճել է երիտասարդների՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ապա դարձել աշխարհի փոխչեմպիոն: Հայաստանցի ոչ մի այլ մարզիկ 2015 թվականի ընթացքում նման արդյունք չի գրանցել: Ընդ որում, սա մարզաձևի առաջին ոսկե մեդալն էր Հայաստանի ամբողջ մարզական պատմության ընթացքում (ներառյալ խորհրդային ժամանակաշրջանը) Եվրոպայի առաջնությունից>>. hայտարարել է ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:

Մեր մարզիկները մասնակցել են Աստանայում կայացած աշխարհի, Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, Լեհաստանում, Մոսկվայում Իրանում կազմակերպված միջազգային մրցաշարերին, պատանեկան փառատոնին, համահայկական խաղերին, կազմակերպվել են անհրաժեշտ ուսումնամարզական հավաքներ: Հեծանվային մարզաձևի մասսայականության առումով հատկապես կարեւորվել է սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ կազմակերպված՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված «Անկախ սերունդ, առողջ սերունդ» նշանաբանով «ԱԺ նախագահի գավաթ» մասսայական հեծանվավազքը, որին մասնակցել են ինչպես սիրողական, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ հեծանվորդներ:

Ֆեդերացիան կարողացել է կատարել պետական պատվերն ամբողջությամբ եւ անգամ գերակատարել: Նախատեսված 6 միջոցառումների փոխարեն իրականացվել են 11-ը: Ոչ պետական ներդրումների շնորհիվ ֆեդերացիայի բյուջեն 2015թ. կազմել է 17 միլիոն դրամ, որը ներդրվել է մարզաձևի զարգացման ամենահրատապ ուղղություններով:

Արման Սահակյանը վստահեցրել է մասնակիցներին, որ թիմը չի բավարարվի ձեռքբերածով և համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանան հասնել ավելի մեծ արդյունքների:

ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահության նիստը եզրափակվել է ընտրություններով. ֆեդերացիայի փոխնախագահներ են ընտրվել Աշոտ Խաչատրյանն ու Մարտին Շարբաթյանը, պատասխանատու քարտուղար՝ Վահագն Թուխարյանը: Ընտրվել են նաև ֆեդերացիայում գործող հանձնաժողովների նախագահները:

 

ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29