Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն ընդդեմ Ֆիննախի

Փետրվար 26,2016 18:37

2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց այն մասին, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը։ Ըստ այդմ, 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը պետք է ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ընձեռեր միասնական տնտեսական տարածքի առավելություններից օգտվելու հնարավորություն։

Սակայն անդամակցելուն պես պարզվեց, որ Հայաստանի իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն սեփական քաղաքացիներին ընձեռել այդ առավելություններից լիարժեքորեն օգտվելու, մասնավորապես՝ ֆիզիկական անձանց ԵԱՏՄ երկրներից անձնական նպատակներով ավտոմեքենաներ ներմուծելիս ավելացված արժեքի հարկ չվճարելու հնարավորությունը։

Բանն այն է, որ ԵՏՄ մասին պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ կետի 2) ենթակետի համաձայն՝ «6. Անդամ պետության տարածք ներմուծման պարագայում անուղղակի հարկեր չեն գանձվում. 2) այն ապրանքների մասով, որոնք ներկրվում են անդամ պետության տարածք ֆիզիկական անձանց կողմից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով»։ Սա նշանակում է, որ եթե ֆիզիկական անձը Հայաստան ներմուծում է ապրանքներ (այդ թվում՝ ավտոմեքենաներ) Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կամ Ղրղըզստանի տարածքից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով, ապա նա չպետք է վճարի ԱԱՀ։ Մինչդեռ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ մասի գ. կետի համաձայն՝ «Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ավտոմեքենաներ»։

Ըստ այդմ, ստացվում է, որ ֆիզիկական անձինք ավտոմեքենա ներմուծելիս, այնուամենայնիվ, պարտավոր են վճարել ԱԱՀ։ Փաստորեն, ՀՀ օրենքը հակասում է միջազգային պայմանագրին, մինչդեռ 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»։

Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ 2015թ. հունվարից շարունակաբար խախտվում է Եվրասիական տնտեսական միության մասին միջազգային պայմանագիրը, քանզի ֆիզիկական անձանցից գանձվում է ԱԱՀ՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով, ինչը լուրջ հարված է միջին խավի գրպանին, էլ չասած անապահով խավի մասին։

Մեկ ամիս շարունակ մենք՝ Ֆիլիպ Արզումանյանս, Կարեն Վարդանյանս և Էդգար Հայրապետյանս, փորձում էինք ֆինանսների նախարարությունից պարզել, թե որտեղից են, պատկերավոր ասած, «աճում ոտքերը», սակայն վերոգրյալ օրենսդրական դրույթին հղումից բացի որևէ այլ պատասխան չէինք ստանում։ Ավելին, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Մենք ունենք նման իրավունք և մենք այն պահպանելու ենք։ Սա մեր եկամուտների հիմնական աղբյուրներից է»։

Եվ ահա ս.թ. փետրվարի 18-ին մենք դիմում ներկայացրինք Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիա՝ խնդրելով պաշտոնապես պարզաբանել իրավիճակը։

Մի քանի օր անց մենք ստացանք հետևյալ պատասխանը.

888

Փաստորեն, հանձնաժողովի տեսակետը հստակ է՝ նշված դեպքերում ԱԱՀ գանձումն անթույլատրելի է։

Դրանից հետո իրադարձությունների զարգացումն արագահաս էր՝ կառավարության երեկվա նիստում Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ, քննարկելով հարցը Հանրապետության Նախագահի հետ, նրանք որոշեցին այլևս չգանձել այդ հարկը և համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ դիմել Ազգային ժողով։ Ավելին՝ օրինագիծը կառավարության որոշմամբ համարվեց անհետաձգելի։ Ըստ երևույթին, նրանք ևս գիտակցեցին, որ այդ քայլն անխուսափելի է և, որոշելով չսպասել Եվրասիական տնտեսական  հանձնաժողովի կոլեգիայի որոշմանը, ներկայանալ հանրությանը որպես ազատագրողներ «հարկային լծից»։ Սակայն աներկբա է, որ եթե նրանք ունենային հարկը հետագայում ևս գանձելու գոնե տեսական հնարավորություն, նրանք կշարունակեին օգտվել դրանից։

Կարեն Վարդանյան [email protected]

Ֆիլիպ Արզումանյան [email protected]

Էդգար Հայրապետյան [email protected]  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29