Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. Սուքիասյանը սեղանի գլխին նստած նկար ցուցադրեց, թե շեֆն ինքն է, դատավորը թամադայի տեղ դրեց

Մարտ 03,2016 14:22

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի գործով» դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն ու նրա պաշտպանը՝ Յուրիկ Խաչատրյանը մի տեսանյութ ներկայացրեցին:

Տեսանյութը մեկնաբանելիս՝ Աշոտ Սուքիասյանն ասում էր, տեսեք ինչ հանքեր են, տեխնիկա է աշխատում, Հայրապետյանն ասում է՝ Աֆրիկայում բան չկա: Տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը տեղից արձագանքեց. «Աֆրիկայում շա՜տ բան կա, բայց դա քո հետ ի՞նչ կապ ունի»:

Տեսանյութերի վրա նշված էր՝ 2008 թվական: Դատավոր Վարդան Գրիգորյանը հարցրեց՝ վարկը ե՞րբ եք վերցրել՝ 2010-ին, բա 2008-ը այս գործի հետ ի՞նչ կապ ունի: Պաշտպանը պատասխանեց, որ դրանցով ապացուցում են՝ Աշոտ Սուքիասյանը մինչեւ Հայրապետյանին հանդիպելը բավականին մեծ գործարար է եղել, հենց հանքերի բիզնեսով է զբաղվել, այնպես չէ, որ խաբեության համար ժողովի ժամանակ կեղծ ներկայացրել է, թե իբր նման գործերով է զբաղվում:

Ashot_Suqiasyan_4 Ashot_Suqiasyan_3 Ashot_Suqiasyan_2

Աշոտ Սուքիասյանի խոսքերով՝ «Հայրապետյանն ասում էր՝ Աֆրիկայում ոչ մի հանք էլ չի եղել, ոչ մի տեխնիկա չի տեղափոխվել, առուներ են այնտեղ եղել փոքր, այդ տեղեկություններն այս տեսանյութով հերքվում են»:

Լուսանկարներից մեկում մի սեղանի շուրջ հավաքված մարդիկ էին, սեղանի վերեւում՝ Աշոտ Սուքիասյանը: Այս նկարը մեկնաբանելիս Սուքիասյանն ասաց, թե՝ ժողով ենք անում, սեղանի գլխին ես եմ նստած, այսինքն՝ սեփականատերը, գլխավորն ինքն է:

Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանի խոսքերով՝ «Եթե խոսակցություն լիներ, որ սա Աշոտ Սուքիասյանի սեփականությունն է, ասեին, որ այսքան բաժնետեր է, մենք այսքան բաժնեմաս ունենք՝ թերեւս, կարելի էր մտածել: Ինչո՞վ համոզվենք, որ ինչ ցուցադրվեց՝ այդ ամբողջը Աշոտ Սուքիասյանի սեփականությունն է: Ոսկիներ ցուցադրվեց, ինչո՞վ համոզվենք, որ դա իրենն էր: Սա ընդհանրապես կապ չունի քրգործի հետ, պետք է ապացույց չդիտել դա եւ չպետք է կցել քրգործին»:

Ashot_Suqiasyan_1 Ashot_Suqiasyan_

Մեղադրող դատախազն էլ ասաց, որ մեղադրանքի հետ տեսանյութը կապ չունի, բայց չի էլ առարկում, որ այն ապացույց դիտվի:

Դատավորն էլ հեգնեց Սուքիասյանին. «Եթե սեղանի գլխին նստած է, դա նշանակում է սեփականատե՞ր ա: Ուրեմն ցանկացած թամադա կարող է սեփականատեր համարվել»:

Պաշտպանը պատասխանեց. «Պահակին ամեն դեպքում չէին նստեցնի սեղանի գլխին»:

Դատավորը հայտարարեց, որ այդ տեսաձայնագրությունը կցում է քրգործին, իսկ դա ապացույց ճանաչելու կամ չճանաչելու հարցին կանդրադառնա դատական ակտում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031