Լրահոս
Օրվա լրահոսը

Միջինքի տոնակատարությունը Ջավախքում. armenianchurch.ge    

Մարտ 03,2016 16:05

2016 թվականի մարտի 2-ին, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հավուր պատշաճի պատրաստվել էր Մեծ պահքի կիսվելուն նվիրված Միջինքի տոնակատարությանը: Ընդունված ավանդույթի համաձայն, տասնյակ մասնակիցներ Ախալքալաքից և հարակից գյուղերից ներկայացել էին ջավախքյան գաթաներով:

Տոնական օրվա կապակցությամբ Ախալքալաք էր ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի» ղեկավար Լևոն Չիդիլյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ:

Թեմակալ առաջնորդին և պատվիրակության անդամներին Ախալքալաքի «Սուրբ խաչ» եկեղեցու մոտ դիմավորեցին Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, եկեղեցու հոգևոր դասը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի փոխանորդ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին:

Երեկոյան ժամերգությունից հետո «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հովանավորությամբ այս առիթով հատուկ ժամանած «Ծաղկազարդ» երգչախմբի հոգևոր և ժողովրդական երգի համերգ: Նրանց բարձրաճաշակ կատարումները մեծ ոգևորություն պատճառեցին եկեղեցում լեփ-լեցուն հավաքված ժողովրդին:

Մշակութային ծրագրի ավարտին, ազգային տարազներ հագած աղջիկները գաթայով կանգնեցին եկեղեցում: Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հոգևոր դասը կատարեց գաթայի օրհնության կարգ և գաթան բաժանվեց ժողովրդին:

Այնուհետև Սրբազան Հայրն իր օրհնությունը բերեց Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին, թեմի հոգևոր սպասավորներին, գաթաները ամենայն հոգատարությամբ պատրաստած կանանց, տեղական իշխանության ներկայացուցիչներին, կազմակերպիչներին, «Ծաղկազարդ» երգչախմբի անդամներին: Հոգևոր առաջնորդն իր օրհնությունը և սերը փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին Վիրահայոց թեմին մնայուն աջակցելու համար:

Թեմի առաջնորդն իր եղբայրական սերը հայտնեց Վրաց Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի փոխանորդ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլուն, նրա համագործակցությունը տեղի հոգևոր դասի հետ դիտարկելով որպես երկու քույր Եկեղեցիների ճշմարիտ գործունեություն:

Իր խոսքում միտրոպոլիտ Նիկոլոզը կարևորեց այն, որ եկեղեցական տոների հետ միասին հայ ժողովուրդը պահպանում է իր ժողովրդական և մշակութային ավանդույթները, ինչը հարստացնում է յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքը:

Ախալքալաքում արարողությունն ավարտելուց հետո, Վիրահայոց թեմի առաջնորդը և պատվիրակության անդամները ուղևորվեցին Նինոծմինդա: Այստեղ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ միասին պատվելի հյուրերին դիմավորեցին Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, կենտրոնի ուսուցիչները, հավատացյալները:

Նինոծմինդայում ևս կատարվեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաների ուժերով տրվեց համերգային ծրագիր: Սրբազան Հայրը օրհնեց գաթան, բարձր գնահատեց կազմակերպիչների և գաթա պատրաստողների նվիրումը ժողովրդական ավանդույթներին: Եկեղեցու երգչախումբը շարականների երգեցողությամբ գաթաները բերեց ներս և ներկայացրեց մրցատյանին: Լավագույն գաթա պատրաստողները ստացան պատվոգրեր և հուշանվերներ և գաթան բաժանվեց ժողովրդին:

Թեմակալ առաջնորդը երախտագիտության խոսքեր ուղղեց Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին կենտրոնի հովանավորության համար, որտեղ հավաքվել և ուսանում են այսքան շնորհաշատ երեխաներ:

Տպավորիչ էր կենտրոնի սան Անի Սանոսյանի կողմից իր հասակակիցների շրջանում կազմակերպված բարեգործական գործողությունը, որի արդյունքում ստացված գումարը բաժանվեց տեղի չորս բազմազավակ ընտանիքների:

Ուշ երեկոյան Վիրահայոց թեմի առաջնորդը պատվիրակության հետ միասին վերադարձավ Թբիլիսի:

 

armenianchurch.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031