Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ արդյունք չեն տալիս Հայաստան-ԵՄ բանակցությունները

Մարտ 09,2016 12:00

Կողմերը, կարծես թե, չեն անցնում «իրենց բաժին» ճանապարհը

Անցած շաբաթ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում ԵՄ պաշտոնյան խիստ դիվանագիտական լեզվով խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, սակայն ինքնին այցելության փաստը որոշ հույսեր է արթնացրել, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում մեր երկրի ու Եվրամիության բանակցությունները նոր լիցք կստանան:

Առայժմ տպավորություն կա, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին սկսված այդ բանակցությունները standby վիճակում են: Ո՞ւմ մեղքով: Կարծում եմ՝ երկու կողմերի: Նախեւառաջ, հավանաբար, պետք է նշել, որ Ռուսաստանն այլեւս չի խոչընդոտում, որ մեր երկիրը պայմանագիր ստորագրի ԵՄ-ի հետ տնտեսական մասով՝ որքանով դա չի հակասի ԵՏՄ-ին, եւ քաղաքական մասով՝ որքան, որ մենք եւ եվրոպացիները ցանկանանք: Այնպես որ՝ այս հարցում Ռուսաստանին մեղադրելն արդար չէ: Ավելին՝ մինչեւ վերջ անկեղծ լինելու համար պետք է նշել, որ 2013 թվականի աշնանը «կամ-կամ» խնդիրը մեր առջեւ դրել է ոչ թե Ռուսաստանը, այլ ԵՄ-ն: Հիմա եվրոպացիները, կարծես թե, ավելի ճկուն են դարձել: Հավանաբար, մտածում են, որ ավելի լավ է «ռուսաստանյան ֆորպոստում» ինչ-որ նվազագույն ազդեցություն ունենալ, քան ամբողջությամբ թողնել այն որպես «մեծ եղբոր» ռազմաքաղաքական տարածք:

Ինչու է Ռուսաստանն ավելի հանդուրժող դարձել «փոքր եղբոր» եվրոպական ծրագրերի նկատմամբ: Նախ՝ որովհետեւ ՌԴ ղեկավարության «գլուխը խառն է», այլ՝ ավելի մեծ եւ կարեւոր խնդիրներով է զբաղված: Երկրորդ՝ այն պատճառով, որ ՌԴ վերնախավին թվում է, որ բազմաթիվ ռազմատնտեսական լծակները բավարար են Հայաստանի վրա ամբողջական ազդեցությունը պահպանելու համար: Եվրոպան կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականություն՝ փորձելով հնարավորինս ազդել հասարակական հատվածի վրա: Ռուսաստանը գործի է դնում կոշտ ճնշում՝ «Ադամանդե ձեռքի» տնային կառավարչի ոճով՝ «եթե մեր ուզածը չանեք, կանջատենք գազը»: Հայաստանի հասարակության հետ շփվելու անհրաժեշտությունը գիտակցում են ռուսաստանցի լուրջ վերլուծաբանները, օրինակ՝ Սերգեյ Մարկեդոնովը: Բայց առայժմ «շփման» այդ ձեւերը հիշեցնում են նախորդ դարաշրջանի կոմունիստական «քառակուսի» քարոզչությունը, որն ունի միայն մեկ ուղերձ՝ «առանց մեզ դուք կորած եք»: Իհարկե, վերջնական հետեւություն անելու համար պետք է խորքային սոցիոլոգիական եւ քաղաքագիտական վերլուծություն, բայց իմ տպավորությամբ՝ վերջին 25 տարում Ռուսաստանի քաղաքակրթական եւ մշակութային ազդեցությունը մեր երկրի վրա թուլացել է, եւ պատճառներից մեկը հենց այդ «քառակուսիությունն» է:
Դառնալով այն հարցին, թե ինչու Հայաստան-ԵՄ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս (կամ գուցե հետաձգվել են անորոշ ժամանակով), կարելի է արձանագրել, որ եվրոպական կողմից, ինչպես ասում են, «չկա նախկին խանդավառությունը»: Նախ՝ ինքը՝ Եվրոպան, նույնպես բազմաթիվ «դարդեր» ունի, որոնք իր համար ավելի կարեւոր են, քան «Արեւելյան գործընկերության» 6 հետխորհրդային երկրների ճակատագիրը: Երկրորդ՝ այդ ծրագրի «ճարտարապետներ» Կարլ Բիլդտը եւ Ռոդոսլավ Սիկորսկին այլեւս Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ չեն: Շվեդ դիվանագետը դարձել է ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանի խորհրդականը (ճակատագրի հեգնանք), իսկ Լեհաստանի արտգործնախարարի պաշտոնը ներկայումս զբաղեցնող Վիտոլդ Վաշչիկովսկին վերջերս հայտարարել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը տապալվել է: Դա նունպես չափազանցություն է («նախորդ իշխանությունն ամեն ինչ սխալ էր անում» սերիայից), բայց այդ պաշտոնյայի դատողություններում կա ճշմարտության հատիկ՝ այն առումով, որ ԵՄ-ն խնդիր ունի ավելի լավ հասկանալ, թե ինչ է հիշյալ 6 երկրների ուզածը:

Այդ պետություններից մեկը մենք ենք՝ Հայաստանը: Բայց մենք ինքներս ո՛չ հասարակական, ո՛չ էլ դիվանագիտական մակարդակով չենք հասկացել, թե ինչ է մեր ուզածը, եւ հենց դա է, իմ կարծիքով, բանակցությունների դանդաղման պատճառներից մեկը: Եթե խնդիրը միայն ազատ վիզային ռեժիմն է, ապա պետք է կենտրոնանալ դրա վրա: Բայց դա, հավանաբար, անքան էլ սկզբունքային հարց չէ: Եթե պետական եւ հասարակական (նաեւ «ընդդիմադիր») կառույցների խնդիրը ԵՄ-ից «փող կպցնելն» է, ապա իրենց գործն է՝ թող զբաղվեն: Ինձ համար Եվրոպան քաղաքակրթական, արժեքային ընտրություն է, աշխատանքին, մարդկանց, հասարակությանը, պետությանը վերաբերվելու մշակույթ, եւ այստեղ ես եւ ինձ նման մտածողները շատ բան ունեն սովորելու: Հենց դա էլ ակնկալում եմ Հայաստան-ԵՄ համագործակցությունից:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Карен says:

    Потому что вы никому не нужны! А Азербайджанские енергоресурсы очень даже нужны!
    Мечтать – вредно, если свое положение и ситуацию переоцениваешь и хватаешься за мыльные пузыри.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031