Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն կուսակցություն իր «գինն» ունի

Մարտ 11,2016 15:00

Սուրեն Սարգսյանը զարմացած չէ,
որ ազատամարտիկի տանից զենք են գտնում

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ցավ է ապրում, որ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով ազատամարտիկները դեռ կալանքի տակ են: «Բաց են թողել կազմակերպիչներին, ինչ-որ տերտեր կա, բան կա, ոչի՞նչ, որ մի քիչ արհամարհական եմ ասում: Բայց ստացվեց, որ դա իրենց պատրաստած մարդիկ էին, եւ կազմակերպիչը կարող է գնալ` նստել իր տանը, իսկ տասնյակ տեղերից վիրավորված ազատամարտիկները բանտում են: Մեր տղերքը դրան արժանի չեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա` հավելելով. «Կես մարդ դարձած Զիմը, Ապարը, Վովան, Ավետիսյան Խաչիկը, հետախույզներից մեր Աղասը… ես ոչ ոքի մեղքի բաժինը չգիտեմ, բայց եթե հնարավոր է այդ հանցախումբը կազմակերպողին բաց թողնել, ասել` հետաքննությունը տանը պիտի անենք, էդ մարդկանց բանտերում թողնել… ընդհանրապես մարդկային ոչինչ չունե՞ք»:

Վերջերս այդ առիթով բավական ուշագրավ հայտարարություն էր արել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Զուգահեռներ տանելով այս գործի եւ «Վահան Հովհաննիսյան+30» հայտնի գործերի միջեւ, որով ինքը` Գառնիկ Իսագուլյանն իբրեւ կազմակերպիչ էր անցնում, հայտարարել էր, որ եթե հիմք չլիներ, պետությունը չէր ձերբակալի, կարող է մի քիչ ճոխացնում են, գույները խտացնում, բայց այն ժամանակ էլ անհիմն չէին այդ ձերբակալությունները: Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ գուցե ինչ-որ հիմք կա: Բայց անհասկանալի է, որ հենց ազատամարտիկների առողջության հաշվին են դա անում, այն մարդկանց հաշվին, ովքեր այս պետության քարը քարին են դրել. «Ես, անկեղծ ասած, մտածում եմ առաջիկայում դիմել ընկերներիս` ազատամարտիկներին, երկրի համար կռված տղերքին, ժողովրդին, ոչ թե ազատամարտիկների ինչ-որ կազմակերպությունների, մեկ հանրահավաք կանենք Ազատության հրապարակում ու հավանաբար հանրահավաքային շարժման նման մի բան կսկսենք: Ես չեմ պատրաստվում մեր ընկերների ճակատագիրն այսպես թողնել:

Կազմակերպիչներին բաց են թողել, շիտակ տղերքին նստեցրել: Ով-ով՝ այս երկրի նախագահն անգամ՝ Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտի այդ տղերքին` բոլորին, առանձին-առանձին: Խաչիկ Ավետիսյանի հետ կոնկրետ նույնիսկ հարաբերություններ ու շփումներ են եղել` պաշտպանության հետ կապված, երբ ռուսները եկել ու Փարուխը գրավել էին: Չգիտեմ՝ ի՞նչ վիրավորանքներ են իր մոտ խոսում, ինչո՞ւ, բայց եկեք մի քիչ էլ ճիշտ նայենք. երկրում ամեն ինչ վատ է, ազատամարտիկը չի ապրում ու մի օր էլ կարող է մտածի… Բայց որ այսպես դարձրել են առածի պարան, թե՝ գնացինք, ազատամարտիկի տանից զենք գտանք: Կներեք, պահպանա՞կ էիք գտնելու: Բա ազատամարտիկի տանը պատրոն պիտի գտնեք ու փառք պիտի տաք Աստծուն, որ ազատամարտիկն այնքան է սիրել իր երկիրը, որ այդ զենքը չի կրակել այսքան տարի: Չէ՞ որ այդ զենքն ու փամփուշտը երեկ չեն հայտնվել ազատամարտիկի տանը: Սա է ազատամարտիկի մեծությունը, ու այդ մեծությունը գնահատելու փոխարեն՝ մարդկանց փակի տակ են պահում` իրենց իսկ նյութած դավերով: Սա անպարկեշտ է: Ես դա այդպես չեմ թողնի՝ որպես անհատ: Ոչ մի այլ կազմակերպությունների հետ ես գործ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ»:

Փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հավաքեց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ասաց, որ նոր Սահմանադրության հետ նոր փուլ ենք մտնում, շատ եւ էական բաներ են փոխվելու: Հետո եղավ ՀՅԴ-ի հետ քաղաքական համաձայնության հուշագիրը: Դաշնակցական գործիչները նույնպես խանդավառված են, որ էապես փոխվելու է երկիրը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք` այս ամենն իրեն որեւէ հույս չի՞ ներշնչում: «Նախ հիշենք, որ 1915 թվականին էլ դաշնակցական գործիչները երիտթուրքերի հետ համագործակցությունից նույնպես խանդավառված էին` Թուրքիո մեջ նոր Հայաստան պիտի կառուցեին: Սա իմիջիայլոց»,- ասաց Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ ինքն առաջին անգամ «բրավո» է ասում Սերժ Սարգսյանին եւ ծափահարում է: Ու պարզաբանեց. «Որովհետեւ ցույց տվեց, որ կուսակցությունները չեն աշխատում ժողովրդի համար, իրենց համար են աշխատում, եւ ամենքն իրենց գինն ունեն. մեկի գինն աթոռն է, մյուսինը` երկխոսությունը, երրորդինը` մականուն ասել-չասելը: Չկա կուսակցություն, որը ժողովրդի հետ կապված խնդիր է ուզում լուծել:

Սերժ Սարգսյանը ամեն ինչ բացահայտեց: Դրա համար ապրի ինքը»: Սուրեն Սարգսյանը մնում է իր համոզմունքին` կապ չունի Սահմանադրությունը հին է, թե նոր, եթե մի օրենք չի գործում, այն ոչ մի տեղ չի տանելու: «Բայց Սերժ Սարգսյանը շատ խելոք գտնվեց: Նա հիմա նոր Ընտրական օրենսգրքով կվերացնի օլիգարխների ինստիտուտը: Առաջարկվող ռեյտինգային ընտրական համակարգն իրականում մեծ փողերի նոր մրցավազք է բերելու, ընդհուպ մինչեւ սնանկության են հասնելու, բայց նրանց հետեւից պաշտոնների գալու են եվրոպաներում կրթություն ստացած, հաճախ դավաճանության շեմն անցած, հավաքագրված, օսլայած օձիքներով երիտասարդները: Այս նախագիծը տեսանելի է ամենահիմար մարդուն անգամ, եթե օլիգարխները դա չեն տեսնում, ես զարմանում եմ… Ես կարծում եմ՝ այս նախագծով ամեն ինչ սպառվելու է, եւ իշխանության են գալու հոգիները հանած տղերքը: Փողոցով անցած, թաղում ծեծ կերած, գործ չտված, չծախած, այս կեղտոտ համակարգում մի քիչ էլ փող բռնած տղան, այնուամենայնիվ, հոգու մի կտոր ունի ու մի օր կարող է ոտքը գետնին խփել: Օսլայած օձիքներով տղաները դա չունեն: Նրանք կկեղեքեն ամենքին»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ օլիգարխիան պետք է դադարի «իրեն ապուշի տեղ դրած» ապրելուց, որովհետեւ վաղն ավելի վատ է լինելու:

Սուրեն Սարգսյանն այս ամենի լավ կամ վատ քննարկումների մեջ չի մտնում` իրենց բարոյականության խնդիրն է, բայց ցավում է, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության հիմնադիրների` ազատամարտիկների արածը ջուրն են գցում. «Երբ այս երկրում թացն ու չորն իրար են խառնվել` վատ հանգրվան ենք ունենալու»: Իր քննադատությունը հավասարապես վերաբերում է նաեւ իրենց ընդդիմադիր կոչող ուժերին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031