Լրահոս
Օրվա լրահոսը

Պարականոն կենսագրություն

Մարտ 12,2016 16:30
merujan Ter-Gulanyan

Եվ քանի որ հալածվածը, ճնշվածը առավել մեծ է եւ ավելի ուշադիր, քան հալածողը, ուրեմն Զաքիյան փողոցի մայթեզրի իմ հրաշալի ծառը պիտի որ ապրեր անպայման՝ չնայած որ մի օր, չասեմ՝ միտումնավոր, թերեւս՝ պատահաբար, աշնանամուտի չորացած խոտերին նետված մի ծխախոտով կրակի բաժին դարձավ: Եվ տղայիս հետ պատշգամբում կանգնած` ես տեսա, թե ինչպես է վառվում իմ ծառը, բայց ափսոս չհասցրեցինք փրկել:

Դա անշուշտ Մովսեսի ծառը չէր, որովհետեւ հետո ձմեռ եկավ: Իսկ բացվող գարնան մեջ, երբ մյուս ծառերը կանաչ սաղարթներով շարունակում էին իրենց արմատների կենսագրությունը, իմ ծառից հետք անգամ չէր մնացել: Բայց երեւի ես համառ մարդ եմ. մոտավորապես հիշելով ծառի տեղը` դանակով փորեցի կարծրացած հողը եւ զարմանալի բան` տեսա իմ ծառի արմատը, որ կարծես թե մի այլ կյանքում արդեն տեսել էի:
Ու սկսեցի կանոնավոր անհուսահատությամբ ամեն օր ջրել թվացյալ չորացած արմատը: Եվ երբ արդեն մայիսի սկիզբն էր, տեսա կանաչ, դողդոջուն, անօգնական առաջին շիվը: Ու դա մոռացությունից հայտնված իմ ծառն էր, քանի որ ոչ մի մարդ հասու չէ ոչնչացնելու ծառի անցյալը, ինչպես որ հնարավոր չի մոռացության տալ ազգերի անցյալը, եթե դա մի օր չանի Աստված ինքը…

Հաստատ տարօրինակ ամիս է մայիսը, երբ շարունակական կայծակների ու անձրեւների մեջ հստակ տեսնում ես եւ եզրակացնում, որ ներքեւները վերեւների արտացոլանքն են ընդամենը, եւ հասկանում, որ անցյալը անպայման ապագա ունի, եթե քո հիշողությունը անցնող ու անվերադարձ օրերի մեջ մաշվող կավի հետ ջրերը չեն տարել: Եվ քեզ համար պարզվում, հստակվում է, որ դու մի մեծ երազի անտեսանելի ծվենն ես ընդամենը, իսկ Երազողը անվախճան է, որի դեմքը երբեք չես տեսնի դու:

Ժողովուրդների կյանքը, ինչպես եւ մերը, անվերջ կրկնում են Սիզիփոսի օրինակը, որ իրենց բախտի քարի հետ շարունակ ձգտեն ու չհասնեն գագաթին, բայց չհուսահատվեն բարձրանալ, քանի որ կանգառը մահ է, միայն թե չասենք, թե դա Աստծո անտարբերությունն է…

Երբ Կյուրոս Մեծը գրավեց Արեւելքը եւ ստեղծեց պարսկական պետությունը, նրա զինվորները, ապավինելով իրենց ուժին, խնդրեցին թագավորին, որ գրավեն, գաղթեն մի այլ երկիր, որտեղ լեռներն ու քարերը քիչ են, իսկ հողը` բերրի: Կյուրոսը նրանց պատասխանեց.
– Ուզում եք ապրել մեր հայրերի երկրո՞ւմ եւ լինել տեր, ղեկավարել, թե՞ օտար փափկության մեջ լինել ենթակա եւ ձեզ ղեկավարեն:

Եվ պարսից զինվորները ընտրեցին իրենց աղքատ լեռները` հասկանալով, որ իր արմատը չկորցրած եւ բարոյական կերպը չխաթարած ցեղը անկանգ կշարունակի իր երթը` միշտ հիշելով, որ բարոյազրկված հեծյալի ձին անգամ չի կարող երկար արշավել:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031