Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն հանունի

Մարտ 19,2016 16:00
merujan Ter-Gulanyan

Թերեւս, միանշանակ ճիշտ է, որ պաշտպանված ամրոցը, եթե չի կարող գրավել կազմակերպված զորքը, կարող է գրավել ոսկով բարձած մի ավանակ:
Ճիշտ է, իհարկե, եթե խոսքը վերաբերում է օտար ամրոցին եւ օտարամուտ ոսկուն: Բայց երբ խոսքը սեփական պետության եւ հայրենիքի մասին է, չեմ կարծում, որ օտարի ոսկով բարձած ավանակը կարող է գրավել ամրոցը:

Ուստի զարմանում եմ, որ վերջերս մեզ մոտ աշխուժացել են օտար աղբյուրներ հիշատակող եւ տարաշխարհիկ եզրակացություններ անող չպատճառաբանված ոգեւորվող վերլուծաբան-հաբեթները` իբր թե ահա, ահա Հայաստանում կսկսվի սոցիալական անհնազանդություն: Այնինչ, ես հստակ տեսնում եմ, որ մեր երկրում երբեք չի լինի այդպիսի արտառոց իրավիճակ:

Չնայած որ ամեն մարդու համար հացը թանկ է, բայց հայի համար այսօր կարծես թե կա հաց հանապազօրյայից առավել երեւելի մի բան` իր կերպարը, ժամանակների մեջ կորցրած պետությունը, եւ հայրենիքը ձեւակերպելու ու հազարամյակների մեջ ամբողջացնելու կարծես թե վերջին հնարավորությունն է: Եվ այդ ամենին հասնելու ամենակարեւոր ճանապարհը` արդարությունը:

Գուցե թերեւս ճիշտ է, որ հայի չափը չափազանցն է, բայց զարմանալիորեն մենք այսօր դառնում ենք չափավոր, երբ խնդիրն առնչվում է Հայրենիքին ու վերականգնված պետությանը: Եվ հիմա ես դարձյալ ու կրկին տխրությամբ տեսնում եմ, թե ինչպես է առաջին հայացքից ներդաշնակ թվացող ընդդիմության խորքում հասունանում ներքին թշնամանքը իրար հանդեպ, քանի որ մոլորվածի դիմաց անհաղթահարելի լեռներ են, իսկ թիկունքում` անդունդներ այլեւս:

Այնինչ, վաղուց արդեն կարծես թե հնչել է այն խոսքը, որ կարող է ազգը վերջնականապես միավորվել հանուն, հանուն եւ ոչ թե ընդդեմ… Եվ հանուն հանունի ելքը միակն է` չմոլորվել, գնալ ընտրած ճանապարհով` չվախենալով խաչմերուկներից… ինչը որ տարիներ առաջ չարեց մեր գյուղի նախագահ Վարազդատը:

Եղավ այնպես, որ գյուղն ամբողությամբ պահանջեց, որ Վարազդատը հրաժարվի իր պաշտոնից: Գյուղի որոշումը այնքան վերջնական էր, որ նախագահը ստիպված եղավ հրաժարվել ու, թողնելով գրասենյակը, գնալ տուն: Բայց տեղի ունեցավ տարօրինակ մի բան. հեռանալով՝ նա չհանձնեց իր մոտ գտնվող գյուղի նախագահի կնիքը` ասելով, թե կորցրել է: Բայց դա, իհարկե, այդպես չէր, հետագայում նույնիսկ գյուղի երեխաները գիտեին, որ նա գիշերները շալվարի գաղտնագրպանից հանելով կնիքը՝ փչում էր վրան ու աշակերտական տետրերից պոկած դատարկ էջեր էր կնիքում…

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031