Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում բնակվող հայ լրագրողները՝ կատարվածի մասին

Մարտ 22,2016 23:33

Բրյուսելում են բնակվում հայաստանցի բազմաթիվ հայտնի լրագրողներ՝ ընտանեկան հանգամանքների բերումով: Բարեբախտաբար, նրանք բոլորն ապահով են:

Փորձեցինք պարզել նրանցից ոմանց անձնական զգացողություններն այսօր Բրյուսելում ահաբեկչական շղթայի կապակցությամբ:

Էլինա Չիլինգարյանի նկարը՝ ֆեյսբուքյան էջից

Էլինա Չիլինգարյան

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Էլինա Չիլինգարյանն ասաց. «Բոլորս էլ ինչ որ կերպ զգացել ենք մեր մաշկի վրա այս ամենի ազդեցությունը, քանի որ սա ոչ միայն մարդկային ողբերգություն է, ոչ միայն ֆիզիկական վնաս է հասցվել մեզ բոլորիս՝ Բելգիայում ապրողներիս, այլ նաեւ հոգեբանական, որն ահաբեկիչների հենց գլխավոր նպատակներից էր: Նրանք ուզում էին հոգեբանորեն ճնշել մարդկանց, վախի մթնոլորտ սփռել, ու սպառնալ իրենց զորությամբ՝ ասելով, որ եթե մեզ հետ հաշվի չնստեք՝ ավելի վատը կարող է տեղի ունենալ:

Զավենթեմը Բրյուսելի միակ օդանավակայանն է՝ բոլորս հաճախ օգտվում էինք, նաեւ մետրոյի այդ կայարաններից, քանի որ կենտրոն տանող, ու եվրոպական հաստատություններին հարող են: Եվ ամեն մեկս կարող էինք մեզ պրոյեկտել այդ իրավիճակում, որ այդ 34 անմեղ զոհերի ու 200-ից ավելի վիրավորների փոխարեն կարող էինք լինել հենց մենք:

Ամուսինս նույնպես օգտվում է մետրոյի այդ գծից, եւ այդ՝ «Շուման» կայարանը պետք է անցներ, որ հասներ աշխատանքի: Ու պատահականորեն նա այսօր տնից փոքր ինչ ուշ դուրս եկավ: Բաց թողեց իր գնացքը, եւ նստեց հաջորդը՝ պատահմամբ խույս տալով այդ պայթյունից եւ էվակուացվեց կես ճանապարհին… Շատ ծանր իրավիճակ է: Հասկանում ենք, որ բախտը ժպտացել է, բայց միաժամանակ՝ վտանգը շատ մոտ է»:

Covinar-Nazaryan-2

Ծովինար Նազարյան

«Ար» հեռուստաընկերությանը, «Հայաստանի Հանրապետությանը» եւ այլ լրատվամիջոցների աշխատակցած Ծովինար Նազարյանն էլ փոխանցեց, որ առավոտյան ֆեյսբուքյան լրահոսից է իմացել պայթյունների մասին. «Մեր տունը կենտրոնից 4-5 կմ հեռու է։ Մեր փողոցում շարունակ լսվում էին ոստիկանական ու շտապ օգնության մեքենաների շչակները, հարեւանությամբ նաեւ հիվանդանոց կա։ Ժամը 11-ին Արեգը (Ծովինար Նազարյանի ամուսինը.-խմբ ) զանգեց՝ ասաց, որ կապը շատ վատ վիճակում է, ամեն բան փակվում է, այդ՝ թվում հանրային տրանսպորտը, եւ իրենք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն օրվա կեսից ոտքով գնալ տներով։ Դրանից հետո կապվել հնարավոր չի եղել՝ մինչեւ Արեգը տուն եկավ։

Ինտերնետն անխափան էր, բայց հեռախոսագծերը գերծանրաբեռնվածությունից խափանվել էին։

Ես վազեցի խանութ՝ մթերքներ գնելու։ Ժամը 11:20 խանութի մենեջերը հայտարարեց, որ փակվում են, գնանք դրամարկղներ՝ վճարելու։

Երեխաները դպրոցներում էին, նրանց տուն թողեցին սովորական ժամին՝ բայց առանց երկարօրյա պահելու։

Հիմա կապի որակը կարծես թե վերականգնվում է, բայց էլի ինտերնետն է մեր մասին լուր տալու եւ մյուս բրյուսելցիներից լուր առնելու հիմնական միջոցը։

Ի դեպ, էսօր խանութում քարտս երկու անգամ քիչ էր մնում կորցնեի, երկու անգամ էլ մահմեդական կանայք են գտել-վերադարձրել»:

Փողոցներում ուժեղացված հսկողություն է: Լուսանկարը՝ Մարգարիտ Սարգսյանի

Փողոցներում ուժեղացված հսկողություն է: Լուսանկարը՝ Մարգարիտ Սարգսյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031