Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավանդներն էժանացել են, վարկերը՝ թանկացել. «Հայոց աշխարհ»

Մարտ 29,2016 12:50

Չնայած ավանդների տոկոսադրույքները տարեսկզբին նվազել են, այնուհանդերձ դա չի խանգարել, որ բանկերը թանկացնեն վարկերը։ Եթե դեկտեմբերին բանկային համակարգում վարկերի միջին տոկոսադրույքը 15,96 էր, ապա հունվարին դարձել է 16,96 տոկոս։ Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում վարկերը թանկացել են 1 տոկոսով, ինչը նման կարճ ժամանակահատվածի համար կտրուկ աճ է։

Հատկանշական է, որ տարեսկզբին վարկերի տոկոսադրույքները բարձրացել են ներգրավվող ավանդների էժանացմանը զուգահեռ։ Անցած տարեվերջի 14,09 տոկոսի դիմաց հունվարին բանկային ավանդների միջին գինը կազմել է 13,35 տոկոս։ Այսինքն՝ նվազել է 0,74 կետով։

Թե որքանով է դրա վրա ազդեցություն ունեցել բանկային ավանդների ավելացումը, առայժմ վաղ է ասել։ Ամեն դեպքում, տարեսկզբին բնակչության խնայողությունների աճը շարունակվել է։ Իհարկե, դա արտահայտվել է բացառապես տարադրամային խնայողությունների աճի հաշվին։ Բանկերում պահվող արժութային միջոցներն ավելացել են 11,5 մլրդ դրամով։

Հակառակ դրան, բանկերի դրամային ավանդների պորտֆելը կրճատվել է շուրջ 7 միլիարդով։ Մի բան, ինչը վկայում է, որ դրամային միջոցների ներգրավումը շարունակում է խնդիր լինել առեւտրային բանկերի համար։ Թեեւ նրանք անհամեմատ ավելի բարձր տոկոսադրույքներ են առաջարկում ազգային արժույթով խնայողությունների դիմաց, այնուհանդերձ մարդկանց վստահությունը դրանից շատ չի փոխվում։ Նրանք գերադասում են ավելի քիչ եկամուտ ստանալ՝ տարադրամային ավանդային շուկայում, քան իրենց միջոցները տեղաբաշխել բանկերի ավելի ռիսկային համարվող դրամային պորտֆելում։

Եթե ավանդների միջին տոկոսադրույքի նվազումը կարող էր պայմանավորված լինել դրանց ավելացմամբ, ապա դժվար է ասել, թե ինչի հետեւանք է բանկերի կողմից տեղաբաշխվող միջոցների թանկացումը։

Առավել եւս, որ Հայաստանի տնտեսությունն այնպիսի պայմաններում է, որ խիստ դժվարացել է առաջարկվող թանկ փողերի կլանումը։ Դրա հետեւանք է նաեւ բանկերի վարկային պորտֆելի անկումը, ինչն ուղղակիորեն արտահայտվում է նաեւ ֆինանսական շուկայի մասնակիցների եկամուտների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք հիմնականում ձեւավորվում են այս ոլորտից ստացվող մուտքերից։

Անցած տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելի արձանագրված նվազումն առայժմ շարունակվում է։ Պաշտոնական տվյալներով, ընթացիկ տարվա սկզբին այն պակասել է եւս շուրջ 5 մլրդ դրամով։ Ընդ որում՝ ինչպես ավանդների դեպքում, նվազել են հիմնականում դրամային վարկերը։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում բանկերի այդ վարկերի պորտֆելը կրճատվել է գրեթե 19 մլրդ դրամով։

 

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031