Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»

Ապրիլ 07,2016 13:30

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»: Այսպես էր մտածում Մոնթե Մելքոնյանը` Ավոն, որն իր ամբողջ կյանքը նվիրել է ազատության համար մարտնչելուն. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»:

Մոնթեի մասին հուշերում նշվում է, որ թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությանբ գործող ջոկատում: «Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման,-պատմում էր Սմբատը,-Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներուն պիտի պատժենք»:

Հրադադար

– Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, – պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
– Իսկ եթե իրենք կրակե՞ն, – հարցնում է մեկը:
– Մարերը լացացրեք, – լինում է պատասխանը:
Մոնթեի մասին հուշերում նշվում է, որ նա երբ զանգահարում է Սերժ Սարգսյանին ու գանգատվում զինվորներից.
-Էս իշերուն կըսեմ գնացեք պոստեր, չեն էրթա:
Սերժը զարմանում է.
-Ինչպես, պոստերը դատարկ են, եւ ազերիները չե՞ն հարձակվում:
-Անոնք մեզմեն էշ են,-լինում է պատասխանը:

Մեծ է եղել նրա ներդրումը Մարտակերտի ազատագրման եւ Քելբաջարի կրակակետերի ոչնչացման գործողությունների կազմակերպման ու իրականացման գործում: Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինը եղավ Ավոյի համար: Իր վերջին մարտում նա խիզախորեն դիմավորել է հակառակորդի զրահաջոկատին, եւ միայն արկի կույր բեկորն էր, որ զրկեց նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից:

Մոնթեի հետ կապված հուշերը բազմազան են, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:

Monte-3

«Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,-պատմում է Թամարան,-բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով՝ պետք է մեր երկիրը պահենք»։

1992թ. օգոստոս: Մարտունու շրջանի Հացի գյուղի պաշտպանական դիրքեր: Մոնթեն իր բարձր դիտակետից հսկում էր զինվորների անդորրը: Լուսահրթիռների փունջը բռնկվեց, թվաց՝ ծվատեց երկինքը: Մարտն սկսվեց: Միանգամից: Մոնթեն վաշտի հրամանատարներին տվեց վերջին հանձնարարականները, ավելացնելով.
– Աքլորի պես են գալիս, չպետք է ներել:

Հազվադեպ էր պատահում, որ ասկյարները մարտը շարունակեին գիշերով: Բայց այդ օրը նրանք չդադարեցրին գրոհը անգամ մութն ընկելուց հետո: Լուսաբացից առաջ, մեծ զոհեր տալով, թշնամին նահանջեց: Արեւոտ ամպերը շողացին Հացի գյուղի, շրջակա սարերի, դիրքերի վրա: Լուռ էր շուրջբոլորը, լռել էր գյուղը: Մոնթեն իջել էր դիրքերից, ու էլ չեր լսվում նրա ձայնը: Սենյակում գրիչը ձեռքին նա քարացել էր` սեղանին հինգ հերոս-նահատակների մահաթերթիկներն էին…

Monte

Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ եւ չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։

– Էլի խմո՞ւմ եք,-մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։
– Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։
– Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Էս անգամ պետք է խմենք վերջում՝ ազգովի, ես ել ձեզ հետ միասին, – ասում է Ավոն:
Մի քանի զինվոր, քեֆները լավ, Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
– Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։
Ապա շրջվելով՝ կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
– Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
– Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին եւ պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգեւատրի» մեկ տուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
– Պարգեւատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգեւը» եւ իջնում նկուղ։
Քելբաջարի գրավումից հետո տղաները պարգեւատրվում են 3000-ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում: Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին»՝ ասում է.
– Լսած եմ, պետական փամփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:
– Հրամանատար, Քելբաջարից այնքան փամփուշտ, զինամթերք ենք վերցրել, որ մի կրակոցն ի՞նչ է:

-Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930