Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Ապրիլ 12,2016 17:59

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և հայ-իրանական բազմաոլորտ կապերի զարգացմանը: Երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացման համատեքստում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հանձնաժողովի համանախագահների ակտիվ համատեղ աշխատանքից: Վարչապետը ողջունել է Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպման անցկացումը, որը, նրա խոսքով, կնպաստի տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:
Պարոն Չիթչիանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և կարևորել Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպումը: ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նման ձևաչափով համագործակցության զարգացումը նպաստում է տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը, էներգետիկ կայունության բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Համիդ Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները և կարևորել երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված շարունակական քայլերը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի հետագա ընթացքին, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև այլ ուղղություններով երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման մակարդակից և այս համատեքստում քննարկել վիզային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցեր:

Հովիկ Աբրահամյանը ջերմ ողջույններ է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին և համոզմունք հայտնել, որ երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը կնպաստի համատեղ ծրագրերի հաջող կյանքի կոչմանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930