Լրահոս
Օրվա լրահոսը

Արլեմ Դեզիր. Հրադադարը պետք է հսկվի եւ պահպանվի

Ապրիլ 25,2016 18:15

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց հարցին, թե իր կարծիքով համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի հարձակողական սպառազինության վաճառքը Ադրբեջանին անբարենպաստ պայմաններ չի ստեղծո՞ւմ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Ֆրանսիան իր գործընկերների հետ՝ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ ստանձնել է միջնորդական առաքելություն: Եվ այս աշխատանքը միասնական է եւ հետապնդում է մեկ նպատակ, որը հետապնդում են բոլոր երեք համանախագահող երկրները, որովհետեւ մեր համոզմամբ, ստատուս քվոն այլեւս ընդունելի չէ, այն միայն ու միայն կարող է տեղիք տալ, որ վտանգն ավելի ու ավելի գլուխ բարձրացնի այս հարցում: Մեր մոտեցումն է՝ միայն բանակցությամբ հնարավոր կլինի ելք գտնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Երեւի թե պատճառներից մեկն է, որ ապրիլյան այդ իրադարձություններից հետո մենք բոլոր համանախագահներով կոչ արեցինք, որպեսզի անհապաղ հարգվի հրադադարի ռեժիմը, որպեսզի հնարավոր լինի նորից շարունակել բանակցությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ Արլեմ Դեզիրն ասաց, որ այդ հարցում համակարծիք են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները. «Պետք է այդ գծի վրա հաստատվեն հսկման մեխանիզմներ բոլոր այն վայրերում, որտեղ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն կա»:

Հարցին, թե որո՞նք են այդ մեխանիզմները, արդյոք նա նկատի ունի՞ խաղաղապահներին, Արլեմ Դեզիրը պատասխանեց, որ իրենց մոտեցումն այն է, որ հրադադարը պետք է հսկվի եւ պահպանվի. «Դրա համար էլ պետք է տեղակայվեն մեխանիզմներ, որոնք պետք է կոչված լինեն ստուգել հրադադարի ռեժիմի պահպանումը՝ միջազգային հանրության հովանու ներքո: Այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն: Նկատի ունեմ դիտորդների միջոցով, հսկման էլեկտրոնային սարքերի տեղակայմամբ, այսինքն՝ թե՛ տեխնիկական, թե՛ մարդկային միջոցներով, որոնք յուրաքանչյուր վայրկյան թույլ կտան ստուգել հրադադարի պահպանումը, եւ բավականին անկողմնակալ: Յուրաքանչյուր անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որեւիցե դեպք, կտա անկողմնակալ համապատասխան տեղեկատվություն:

Այս պատերազմը չափազանց շատ տառապանքներ պատճառեց: Այն ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի վտանգավոր է իրավիճակը: Զենքերի ձայնը պետք է լռեցվի: ԼՂՀ հակամարտությանը չկա ռազմական լուծում: Մեկ հնարավոր լուծում կա՝ վերադարձ բանակցային սեղանի շուրջ՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սա էր այն ուղերձը, որի կրողն էի այսօր ես Երեւանում, սա կլինի այն ուղերձը, որը ես կկրեմ եւ կհաղորդեմ վաղը Բաքվում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930