Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ հակառուսական ալիքի ու դրանից սադոմազոխիստիկ հաճույքի մասին

Մայիս 02,2016 13:00

«Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ռազմաքաղաքական առումով անմեղսունակ է, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը: Կարելի է խոսել այդ մարդու հետ, երբ իմանաս, որ այդ մարդն ապաշխարել է եւ կամ իրեն ստիպել են, որ նա իրեն նորմալ պահի: Ակնհայտ է, որ Ալիեւը չունի այդ մտավոր ներուժն ու քաղաքական կամքը, որ ապաշխարի»,- այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա, քառօրյա պատերազմը բազմաթիվ միֆեր կոտրեց. «ա) կոտրվեց այն միֆը, որ Ադրբեջանն ունի ռազմատեխնիկական ջախջախիչ առավելություն, բ) կոտրվեց այն միֆը, որ նոր սերունդը պատրաստ չէ հաղթանակի, գ) կոտրվեց այն միֆը, որ նախորդ պատերազմը Հայաստանը հաղթել է արտաքին ուժերի աջակցման շնորհիվ, դ) կոտրվեց այն միֆը, որ մեր հասարակությունը պառակտված է, եւ առաջին ցնցման դեպքում փլուզվելու է պետությունը»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ ե) կոտրվեց այն միֆը, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ Արմեն Աշոտյանն արձագանքեց. «ՌԴ-ն մնում է մեր ռազմավարական դաշնակիցը: Դուք գիտեք ՀՀ իշխանությունների կարծիքը զենքի վաճառքի շուրջ: Նորից քննարկել, քննարկել, կներեք, ինչ-որ սադոմազոխիստիկ հաճույք ստանալ այս ամենից չի կարելի: Արտաքին քաղաքականությունն այսօր պահանջում է բացառապես այն հույզերը, որոնք կարող են սնել բանականությունը: Եթե հույզը չի սնում բանականություն՝ վնաս է տալիս: ՀՀ-ն իր հույսը դրել է բացառապես եւ նախեւառաջ իր ուժերի վրա, իսկ արտաքին աշխարհից խռովել ու նեղանալ չի կարելի: Պաշարված ամրոցի հոգեբանությունը շատ վտանգավոր է, երբ քեզ թվում է, թե ամբողջ աշխարհը քո դեմ է, դա կործանարար է»:

Խոսելով ՀԱՊԿ-ի եւ դրա այլընտրանքի՝ ՆԱՏՕ-ի մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «ՀԱՊԿ-ն ունի պայմանագիր, այդ հոդվածները դեռեւս կյանքի չեն կոչվել: ՀՀ-ն դեռեւս չի դիմել ՀԱՊԿ-ին, ակնհայտ է, որ մեր գործընկերներն էլ ինքնակամ դա չեն արել: Սպասել, որ Մոսկվայում կամ Վաշինգտոնում որեւէ մեկը կլուծի մեր խնդիրները՝ միամտություն է: Ուժն է ծնում իրավունք: Ո՞րն է անվտանգության այն անձրեւանոցը, որի տակ մենք պետք է լինենք: Եթե ՀԱՊԿ չէ, ապա ի՞նչ, ՆԱՏՕ՞: ՆԱՏՕ-ի դռները փակ են անգամ այնտեղ 20 տարի մտնելու ցանկություն ունեցող Վրաստանի եւ Ուկրաինայի համար, ո՞վ է իրենց սպասում ՆԱՏՕ-ում: Իրենց չեն սպասում ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում: Ինչո՞ւ ենք կտրվում իրական կյանքից: Արեւմուտքը ՀՀ-ի համար այլընտրանքային անվտանգության առաջարկ չի արել: 25 տարի մենք անկախ պետություն ենք, իսկ ՀԱՊԿ-ն արել է: Մնացածը չեն արել՝ ֆիքսե՛ք սա: ՀՀ-ում առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք չի եղել իշխանություն, որը հարցականի տակ դնի ՌԴ-ի դաշնության հետ ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը: Պայմանագիրը կնքվել է առաջին նախագահի օրոք, խորացվել երկրորդ նախագահի օրոք, երկարացվել՝ երրորդ նախագահի օրոք: Էդ բոլորը սխալ են եղել, արեւմտամետ վերլուծաբաննե՞րն են ճիշտ»:

Նա վստահեցրեց, որ մենք մեր ակնկալիքները ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից դեռ չենք սպառել: Իսկ հակառուսական ալիք ՀՀ-ում բարձրացնելու ցանկությունը, ըստ նրա, անկեղծ չէ. «Այդ ալիքից օգտվելու ցանկությունն անկեղծ չէ: 8 տարի անընդմեջ մեզ խոստացվել է, որ ցեղասպանություն բառը հնչելու է ԱՄՆ նախագահի շուրթերից, մի հատ պիկետ հիշո՞ւմ եք: Կրկնակի ստանդարտները վնաս են, գեոպոլիտիկ ճաշակի ժամանակը չէ այսօր: Իսկ աշխարհաքաղաքականությունը շոր չէ, որ պետք ըստ մոդայի գնես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031