«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի առաջ իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու, Ադրբեջանին անհամեմատ ավելի մեծ քանակության զենք վաճառելու միջոցով հավասարակշռությունը խախտելու և դրանով Ադրբեջանին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի մղելու համար: Օհանյանը չի համաձայնվել Քոքոբելյանի այս ձևակերպումների հետ՝ հայտարարելով, որ չնայած Ադրբեջանը Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնել, սակայն Ռուսաստանը այդ նույն զենքը անհամեմատ ավելի էժան գներով վաճառել է Հայաստանին: Մասնավորապես՝ Օհանյանը նշել է Ս-300 հռթիռային կայանքները Ադրբեջանին վաճառվել են տասնապատիկ ավելի թանկ գնով, մինչդեռ Հայաստանը դրանք ստացել է ինքնարժեքով:
Հեղինե Բիշարյանը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր չէ խրամատներում հակառակորդի դիվերսանտների մուտքը ազդարարող թիթեղյա տարաների փոխարեն օգտագործել վարժեցված շներ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ տարածության վրա բացահայտել դիվերսանտների ներկայությունը և մեր զինվորներին ավելի հեշտ կլինի կանխել նման ներթափանցումները, Օհանյանը պատասխանել է, որ կան նաև վարժեցված շներ և կանխարգելման այլ միջոցներ ևս, որոնք գործում են ընդհանուր համակարգի մեջ:
Պատգամավորների մեծ մասին հետաքրքրել է, թե բանակը ինչու չի օգտագործում տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետների հնարավորությունները, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և դրանք սահմանում օգտագործելու համար: Քառօրյա պատերազմի ժամանակ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ադրբեջանական բանակն անհամեմատ ավելի շատ բարձր տեխնոլոգիական զենք ունի, իսկ հայկական բանակը դրանց դեմ պայքարում է հին և քիչ արդյունավետ մեթոդներով: Հայ պատգամավորները համոզված են, որ Հայաստանում և Հայաստանից դուրս կան մտքի բազում հսկաներ, ովքեր ընդունակ են ստեղծել բարձր տեխնոլոգիական զենքի այնպիսի նմուշներ, որոնք կզարմացնեն ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև աշխարհին, բայց ՊՆ-ն չի կարողանում օգտագործել հայ մտքի հնարավորությունները: Նախարար Օհանյանը պատասխանել է, որ ինքը հաճախակի է հանդիպումներ ունենում մտքի հսկաների հետ, բայց ոչ միշտ է, որ նրանց առաջարկները լինում են ռացիոնալ և իրագործման համար պիտանի:
Սեյրան Օհանյանին ոչ միայն հարցեր են տվել, այլ գովեստի խոսքեր ձոնել: Օրինակ՝ Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը Սեյրան Օհանյանին դիմել է Սպարապետով՝ հայտարարելով, որ պատերազմող երկրի բանակի հրամանատարը Սպարապետ է:
Կարդացեք նաև
Չնայած հանդիպումը փակ է եղել, սակայն հայ պատգամավորներն ասում են, որ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը չի ասել մի բան, որը մինչ այդ չի ասել, կամ իրենց հայտնի չի եղել: Կարևորն այն է, որ Սեյրան Օհանյանը պատգամավորներին ասել է, որ ամեն ինչ լավ է, ու հետո էլ լավ է լինելու:
Գեւորգ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում