Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ու միայն Արցախի ընդգրկումով»

Մայիս 17,2016 12:31

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից այդպես էլ չի հասկացել այն` ինչ է նշանակում, թե հունիսին երկու նախագահների հանդիպում է նախատեսվում, որի նպատակն է ապագայում հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունները:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը դրական համարեց այն, որ առաջին անգամ ադրբեջանական կայքերը հղում են կատարում հայկական ԶԼՄ-ներին. հանդիպումից հետո հիմնական տեղեկատվությունը գալիս է հայկական լրատվադաշտից:

Պարոն Պողոսյանը շեշտեց, թե ցանկացած հանդիպում կմնա հերթական հանդիպման մակարդակի, եթե մենք չկարողանանք ձևավորել այնպիսի ներքին իրավիճակ, երբ մեր բանակի հզորությունը միշտ գերազանցելու է ադրբեջանականին:

Թևան Պողոսյանը հիշեցնում է`պատերազմը չի ավարտվել, պատերազմական հոգեբանությամբ պետք է շարունակել` զբաղվելով մեր տնային աշխատանքով:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ հանդիպման նախօրյակին, նաև այս գիշեր, զինվորներ սպանվեցին, և, փաստորեն, այս պահին զինադադար գոյություն չունի:

Տիկին Ալավերդյանը մտահոգություն հայտնեց. «Մենք մնում ենք այն կիսատ պռատ վիճակում, որը կար 1992-ից հետո, երբ փետրվարին ավագ պաշտոնատար անձինք հայտարարեցին, թե մենք արագ պետք է հաստատենք զինադադարը, հետո մնացյալը, բայց այդպես էլ չհասկացանք, թե որն է այդ արագը և այդ երբ պետք է գա ապագան»:

Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, թե տեղի ունեցածները պարզապես հանդիպումներ են, քանի որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ու միայն Արցախի ընդգրկմամբ:

Դառնալով այն փաստին, որ Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում, պարոն Պողոսյանը նկատեց. «Եթե մի քիչ խորությամբ ուսումնասիրենք հարցը, կտեսնենք, թե որ համանախագահն է եղել, որ շահագրգռություն է ունեցել: Այս գաղափարը սկսվեց այն ժամանակ քննարկվել, երբ ԱՄՆ-ն առաջին անգամ դեսպանին համանախագահ նշանակեց: Ստացվում է, որ այս մոտեցման ջատագովը եղել է ամերիկյան կողմը»:

Լարիսա Ալավերդյանը այս առիթով հայտարարեց, թե համանախագահների մանդատի առաջին կետն է այն պարտականությունը, որ հետաքննեն, թե զինադադարը ինչպես է պահպանվում և ով է խախտում:

ԼՂՀ անկախության ճանաչման հարցի մասին պարոն Պողոսյանն ասաց. «ԱԺ-ում կողմ եմ քվեարկել նախաձեռնությանը, քանի որ կարծում եմ, որ պետք է դառնա քաղաքական օրակարգի մաս: Երկրորդ հարցը, որը բարձրացրի, այն է, որ դա գործիք է դառնում հայկական քաղաքականության մեջ, բայց մենք արդյոք գիտե՞նք` այդ գործիքն ինչպես օգտագործել: Դրա համար առաջարկեցի փակ քննարկում անել»:

Լարիսա Ալավերդյանը կարևորեց, որ այս հարցում մոտեցումները հստակ ձևակերպվեն. «Մի պատգամավոր հայտարարեց, որ դեռ ՀՀ-ն չի հասունացել այդ գաղափարը ընդունելու համար: Նման տհաս ձևով չի կարելի գնալ նման քննարկումների: Այստեղ ճանաչումը չէ խնդիրը, քանի որ մենք դեռ չենք ճանաչել ԼՂՀ լեգիտիմությունը` դուրս գալու Ադրբեջանի կազմից և ունենալու կայացման լեգիտիմություն: Մենք մնում ենք այն ճահիճի մեջ, որ կարծես թե ԼՂՀ-ն սկսել է ինքնորոշվել անկախ Ադրբեջանի մեջ և դրա համար էլ պահանջում ենք անպայման Ադրբեջանի համաձայնությունը: Այստեղ վտանգ չկա. ճանաչելով Արցախի լեգիտիմությունը դուրս գալու Ադրբեջանի կազմից` մենք միայն հիմնվում ես այն նորմերի վրա, որոնցով ժամանակին ԼՂՀ-ն ղեկավարվել է»:

Տիկին Ալավերդյանը նաև մտահոգություն հայտնեց այն փաստի վերաբերյալ, որ ՀՀ-ում տարբեր գործատուներ աշխատանքից ազատում են Արցախ կամավոր մեկնած անձանց: Նա օրինակ բերեց, թե մարզերից մեկում աշխատանքից ազատել են մի անձի, որը բանավոր կերպով է գործատուին տեղեկացրել կամավորագրվելու մասին, ավելին, նրա եղբայրն էլ զոհվել էր Արցախում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031