Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը 1 ամիս էլ տվեց Արծվիկ Մինասյանին՝ պարզելու բանանի, շաքարավազի, ալյուրի, ձեթի եւ այլ շուկաներում մենաշնորհ կա՞, թե՞ ոչ

Հունիս 02,2016 12:02

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեք շաբաթ ժամանակ էր տվել էկոնոմիկայի նախարարին՝ պարզելու, թե որոնք են Հայաստանում առկա մենաշնորհները, որպեսզի դրանց դեմ պայքար տարվեր: Այսօր լրանում էր այդ ժամկետը:

Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մեկ ամսով էլ է երկարաձգում այդ ժամկետը, քանի որ կառավարությունում կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ սոցիալական նշանակություն ունեցող կարեւոր ապրանքային շուկաները՝ ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, նարնջի, բանանի, մանկական սնունդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները թեեւ ֆորմալ առումով մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ:

Ըստ վարչապետի, պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները, եւ ի վերջո՝ երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը. «Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այդպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ եւ թե՛ առավել ընդհանրական պատճառներ, որոնցից ընդհանրականի հաղթահարմանն էլ պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին կսկսենք վերոնշյալ սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու»:

Վարչապետը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցեր ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ. «Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը եւ այլն: Ուղեցույցերը պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում: Ուղեցույցերը երկամսյա ժամկետում պետք է տեղադրվեն նաեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:

Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքելու նպատակով: Թեժ գծին ստացված զանգերի վերահսկողությունը վերապահել վարչապետի վերահսկողական ծառայությանը:

Թեժ գծով ստացված տեղեկատվության և դրանց գծով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամսական կտրվածքով հրապարակել ամփոփ տեղեկատվություն:

Պետական իշխանության մարմինների կողմից նման խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում հանձնարարում եմ անհապաղ այդ մասին տեղեկացնել կառավարության աշխատակազմին:

Հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձեւակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների:

Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա: Հսկողության պատշաճ կատարման համար մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ մեթոդաբանություն եւ մեխանիզմներ»:

Ըստ վարչապետի, խնդրին համակարգային լուծում տալու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը եւ ՊԵԿ-ը պետք է քննարկեն եւ երկամսյա ժամկետում ներկայացնեն հայեցակարգ՝ թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը. «Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող եւ մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միեւնույն է, պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով:

Հանձնարարում եմ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամին` համագործակցելով բոլոր առնչվող գերատեսչությունների հետ եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը և դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, մասնավորապես քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաև զանազան լաբորատորիաներից եւ ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռքբերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները: Այս խնդիրների ընթացիկ վերահսկողությունը դնում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930