Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի պաշտոնին հավակնելու մասին խոսելը վաղ է». Վարդան Օսկանյան

Հունիս 17,2016 17:59

«Մանրամասներին տեղյակ չեմ, բայց եթե կան դրական բաներ, որոնք լավացնում են Ընտրական օրենսգիրքը, իհարկե ողջունելի է, բայց եթե ձեւականություններ են, իմաստ չեմ տեսնում»,- հունիսի 17-ին, «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական կտա 4+4+4 ձեւաչափի շրջանակում իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված փոխհամաձայնությանը:

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

-Ձեր հանդեպ ժամանակին քրեական գործ էր հարուցվել, մտավախություն չկա՞, որ կուսակցության ստեղծումով այդ դեպքը կկրկնվի:

-Դժվարանում եմ ասել, բայց մտահոգություն չունեմ, որովհետեւ բան չկա…

-Հավատո՞ւմ եք, որ ընտրություններով կարելի է իշխանափոխության հասնել:

-Հավատը միշտ վերջում է կորում:

-Պատրա՞ստ եք հետընտրական պայքարի:

-Ամեն ինչի:

Vardan OskanyanՁեր ելույթում հեռուստաընկերություններին անդրադարձաք:  «Ա1+»-ն ո՞ւմ օրոք փակվեց:

-Եթե նախկինում սխալներ են եղել, դա չի նշանակում, որ այդ սխալները հավերժ պետք է կրկնենք: Խոսքը դրա մասին է…

-Հավակնո՞ւմ եք արդյոք 2017թ. վարչապետի պաշտոնին:

-Վաղ է այդ մասին խոսելը. դա կորոշի կուսակցության քաղաքական խորհուրդը:

-Ինչպե՞ս եք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, գուցե դաշինքո՞վ:

-Դա ցույց կտա ժամանակը:

-Ռոբերտ Քոչարյանի անունը կլինի՞ կուսակցության ցուցակում:

-Արդեն պատասխանեցի, հիպոթետիկ հարցերից մի խոսեք…

HamaxmbumՏեղեկատվությանը, թե «Համախմբում»-ի հետեւում իրականում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Օսկանյանն այսպես հակադարձեց. «Դա բացառելու կամ հաստատելու խնդիր չկա: Այդ հարցը ես բազմիցս մենաբանել եմ»:

«Համախմբում» կուսակցության նախագահը նաեւ տեղեկացրեց, որ շատ լավ հարաբերություններ ունի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` «Համախմբում»-ին անդամակցելու լուրերի շուրջ էլ ասաց. «Տեղյակ չեմ, իր հետ զրույց չեմ ունեցել»: Բաբայանի` կուսակցությանն անդամակցելու հնարավոր ցանկության դեպքում, Օսկանյանի խոսքով, այդ հարցին կանդրադառնան:

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 17-ին կայացավ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում Վարդան Օսկանյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, իսկ փոխնախագահներ ընտրվեցին ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Վերջիններիցս բացի,  կուսակցության վարչության կազմում են պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, Արցախյան պատերազմի մասնակից «Արաբո» ջոկատի հիմնադիր-հրամանատար Մանվել Եղիազարյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930