Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի երաժիշտներ կան, որոնք հայտնի չեն». Մարիամ Շահինյան

Հունիս 17,2016 19:25

Հունիսի 18­-ից հուլիսի 7­-ը Երևանում 12-­րդ անգամ կանցկացվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը:

2005 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը տաղանդավոր երաժիշտներին բացահայտելն ու ասպարեզ տալն է. «Հրաշալի երաժիշտներ կան, որոնք, ցավոք, հայտնի չեն։ Մենք ցանկանում ենք նրանց բեմ տրամադրել, որպեսզի ներկայանալու, ճանաչվելու հնարավորություն ունենան: Բացի այդ, փառատոնը խաչմերուկ է դառնում Հայաստանում ու արտերկրում ապրող երաժիշտների համար՝ ստեղծելով համագործակցության հնարավորություններ»,-­ Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը կկայանա հունիսի 18­-ին, նվիրվում է անվանի տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Այդ օրը ելույթ կունենան Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Կհնչեն Բախի, Հենդելի, Մոցարտի, Ռոսինիի, Շուբերտի, Ֆռանկի, Ստրադելլայի, Ռախմանինովի և այլոց ստեղծագործություններից:

Փառատոնի բացման համերգի մասնակից դիրիժոր Հարություն Արզումանյանի փոխանցմամբ՝ երաժիշտներն ամեն տարի մեծ ոգևորությամբ են մասնակցում փառատոնին: Նույնպիսի ոգևորությամբ էլ հանդիսատեսն է նրանց ընդունում:

«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, համերգային ծրագիրը մեծ խնամքով ենք կազմել, աշխատել ենք յուրաքանչյուր կետի վրա՝ փորձելով ընտրել համերգի խորագրին համապատասխան ստեղծագործություններ: Կարծում եմ՝ հաջողվել է»,-­ ասաց Արզումանյանը:

Հավելենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-­րդ փառատոնի ընթացքում հայ երաժիշտների հետ ելույթ կունենան նաև Ֆրանսիայից (Ամորի Կոեյտո, Սոֆյա Մելիքյան) և Շվեյցարիայից (Ջեմմա Աբրահամյան, Գուրգեն Կակոյան, Անդերս Միոլին) ժամանած երաժիշտներ:

Բացի վերը նշված կոմպոզիտորների ստեղծագործություններից, փառատոնի հինգ համերգային երեկոների ընթացքում կհնչեն նաև Բրամսի, Պրոկոֆևի, Ռավելի, Ստրավինսկու, Պագանինիի, Պիացոլլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Միրզոյանի, Ալթունյանի և այլոց գործերից։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930