Լրահոս
Օրվա լրահոսը

Անհեթեթ իրողություններ շարքից մի փունջ, որոնք կարող են տեղի ունենալ միայն Հայաստանում

Հունիս 19,2016 11:46

Նման իրողություններ Հայաստանում հաճախ են լինում, ուստի որոշեցի դրանցից՝ վերջին մի քանիսի մասին գրառումներ կատարել: Այն, ինչի մասին բարձրաձայնելու եմ, դրանք մամուլում տեղ գտած տեղեկատվություններ են, որոնցում ավելի կարևոր են դրանց բովանդակային ուղղվածությունը, քան թե արժեքային՝ թվային գնահատականները: Իսկ եթե պատկան մարմիններին հետաքրքիր են նաև արժեքային պարամետրերը, թող ուսումնասիրեն նման բոլոր դեպքերը և վեր հանեն նաև դրանց թվային արտահայտությունները:

Չեմ փորձել կոնկրետ ուսումնասիրություններ /երևի չէր էլ հաջողվի/կատարել անձերի առումով /խոսքը գնալու է կամ պաշտոնյաների, կամ ունևորների/, քանի որ կարևոր չէ, այս պաշտոնյայի կամ ունևորի, թե այն պաշտոնյայի կամ ունևորի անունն է շրջանառվում, քանզի կարևորը առկա երևույթի բովանդակությունն է: Եվ այսպես. մամուլում շրջանառվեց, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ժամանակին շատ էժան գնով կառավարությունից գնել է Հայփոստի և Պետական գույքի կառավարման վարչության վարչական շենքերի միջև ընկած հատվածը, իսկ այժմ այդ նույն շենքը վարձակալությամբ՝ մեծ վարձավճարով, վարձակալությամբ տրվել է նույն  կառավարությանը: Մի՞թե սա աբսուրդ չէ: Եղբայր, եթե այդ շենքը քեզ համար անհրաժեշտ էր օգտագործման համար, ապա ինչու՞ կոպեկներով այն վաճառեցիր, իսկ այժմ մեծ վարձավճարով վերցրել ես օգտագործման: Ի՞նչ անուն կարելի է տալ սրան: Մի՞թե լրջության չնչին նշույլ գոյություն ունի այս և նմանատիպ  այլ գործարքներում, որոնք հետագա ուսումնասիրության լուրջ կարիք ունեն: Եթե մասնավոր անձը նման անհեթեթ գործարք անի, ապա կարելի է ինչ-որ կերպ հասկանալ կատարվածը, քանզի կատարվածը կբացատրվի այն հանգամանքով, որ ասենք օրինակ, այդ անձը անգրագետ մարդ է և սխալվել է իր հաշվարկների մեջ: Բայց մի՞թե մի երկրի՝ մի ամբողջ կառավարությունը ևս անգրագետ է և սխալվել է այդ տարրական հաշվարկի մեջ: Կարծում եմ, դա հաստատ այդպես չէ և շարունակության հետ կապված հետևությունները թողնում եմ ընթերցողին: Ա՜յ քեզ բիզնես…

Մոտ մեկ տար առաջ էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 8 դրամ թանկացումից հետո որոշվեց, որ մինչև 250 կվտ էլեկտրաէներգիա օգտագործողները կվճարեն հին սակագնով՝ մինչև ս.թ. օգոստոսի 1-ը, մինչև սակագնի վերաբերյալ նոր որոշում կայացնելը, իսկ ավելի շատ ծախսողները կվճարեն նոր սակագնով: Մոտենում է օգոստոսի մեկը՝ այն սարերի ետևում չէ, և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանկարծ սկսեց սիրել ժողովրդին և որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 2 դրամի չափով իջեցնել, որը զարմանալիորեն՝ փոխանակ ուրախացնելու ժողովրդին, ընդհակառակը մի լավ տխրեցրեց: Նման բան միայն Հայաստանում կարող է լինել, քանզի ցանկացած երկրում որևէ ապրանքի, աշխատանքի, ծառայության սակագին իջեցնելիս, ժողովուրդը շատ ուրախանում է և ոչ թե ծանր է տանում և տխրում: Իրականում, ժողովուրդն իմաստուն է և տխրելու շատ լուրջ պատճառ իրոք ունի, քանի որ, որոշ ժամանակ անց, հենց որ նորից փորձեն բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, հանգիստ կասեն, որ տեսաք, նախորդ անգամ հնարավորություն կար, իջեցրինք, իսկ այժմ հնարավորություններն այլ են և իրենք պարտադրված են գնալ սակագնի բարձրացման ճանապարհով: Ա՜յ քեզ ճարպիկ խաղ…

Բառացիորեն մի քանի օր առաջ իշխանությունները և խորհրդարանական  կուսակցությունները՝ քաղհասարակության մասնակցությամբ /սակայն, քաղհասարակությունը չստորագրեց/ ստորագրեցին ընտրական օրենսգրքի՝ գործածության մեջ դնելու կազմակերպատեխնիկական հուշագիր, որը բովանդակային իմաստով իշխանությունների կողմից այնքան ճկուն էր պատրաստված, որ իշխանությունների՝ գիշեր-ցերեկվա երազանքը մեկն է. ինչպես անեն, որ ընդդիմությունն ու քաղհասարակությունն այդ խայծը կուլ տան և նման փաստաթուղթն ստորագրեն, որը և, հանճարեղորեն իրականացավ, քանզի ընդիմությունն ու քաղհասարակությունն իրենք այդ խայծը կուլ տվեցին և փաստացի իրենք նախաձեռնեցին այդ հուշագրի ստորագրման գործընթացը, որն էլ իշխանության կողմից՝ ներքուստ չափազանց երջանիկ, արտաքուստ՝ նազուտուզի տարբերակով «մի կերպ» ստորագրվեց: Ասեմ միայն, որ այդ հուշագրի ստորագրումով լրիվ լեգիտիմացվեց և հեշտացվեց իշխանությունների կողմից՝  բազմակի անգամ ավելի շատ ընտրախախտումների ի կատար ածումը՝ հենց այդ նույն ստորագրված հուշագրի հիմքի վրա՝ արտաքին աշխարհին ու ներսի ուժերին՝  ընտրախախտումների վերաբերյալ բացատրություններ տալու առումով: Ա՜յ քեզ բախտ…

Ցավոք, համոզված եմ, որ նման անհեթությունների շարքը դեռ շատ երկար է շարունակվելու…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel says:

    Ախր շա՜՜՜՜՜՜տափակ բաներ ես գրում, է, հարգելիս……..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930