Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես թե Հայաստանում բոլորը սիրում են կիթառ». Հյուբերթ Քեփլ

Հունիս 30,2016 14:33

Գերմանացի ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը լավագույն տպավորություններով է հեռանում Հայաստանից: Հրավերի դեպքում սիրով կվերադառնա:

Կիթառահարն առաջին անգամ է մեր երկրում: Այստեղ է հունիսի 28-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում անցկացվող Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնին  մասնակցելու համար:

DSC08684

Փառատոնի բացման համերգին ելույթ ունեցած Հյուբերթ Քեփլն այնպիսի տպավորություն ունի, որ Հայաստանում բոլորը սիրում են կիթառ. «Շատ գեղեցիկ համերգ էր, ֆանտաստիկ հանդիսատես կար»,- ասում է նա:

Փառատոնի շրջանակներում կիթառահարը հունիսի 29-ին նաև վարպետության դաս անցկացրեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:

Մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և երաժշտական դպրոցների սաներ:

«Ինձ դուր եկավ նրանց պատրաստվածությունը, լավ մակարդակի վրա են: Ֆանտաստիկ տեխնիկա ունեն: Միայն թե հնչողության խնդիր կա: Դժվար է լավ հնչողություն ապահովել, երբ գործիքը լավը չէ: Երեխաներից մեկը նվագեց իմ կիթառով, տարբերությունը միանգամից երևաց: Լավ կլիներ, որ հովանավորներ գտնվեին, այս երեխաները որակյալ գործիքներ ունենային»,- ասաց գերմանացի երաժիշտը:

DSC08694

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Էմմա Հովհաննիսյանն առաջին անգամ է վարպետության դասի մասնակցում. «Ուսուցչուհիս առաջարկեց: Բնականաբար, չէի կարող այդպիսի հնարավորությունը բաց թողնել: Սկզբում մի քիչ հուզվում էի, բայց հետո Հյուբերթ Քեփլն այնպես էր սխալներս ուղղում, որ հուզվածությունն անցավ: Շատ լավ է, որ հայտնի կիթառահարների վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն կա: Սիրով սպասում եմ նաև Դմիտրի Մուրինի (Ռուսաստան) և Դավիթ Դյակովի (Բուլղարիա) վարպետության դասերին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էմման:

1

Երկու տարի է, որ նա կիթառ է նվագում: Ուզում է ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. «Առաջին դասարանից սովորել եմ երաժշտական դպրոցում: Սկզբում դաշնամուր էի նվագում, հետո ուզեցի վոկալիստ դառնալ, երկու տարի առաջ էլ որոշեցի, որ կիթառ եմ նվագելու: Սա վերջնական որոշում է, որովհետև տարված եմ այդ գործիքով»,- նշեց մեր զրուցակիցը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930