Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. ՌԱԿ «կենտրոնական վարչություն» ընտրելու հավաքն անցկացվել է աղաղակող օրինախախտումներով

Հուլիս 07,2016 17:25

Օրերս հրապարակվեց ՌԱԿ Վերականգնումի ու միության շարժման հաղորդագրություն-հայտարարությունը (տես՝  «Ազգ», 1 հուլիս 2016-ի համարը), որը բխում էր 2016 թ. Հունիսի 25-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ) կայացած Վերականգնումի եւ միության շարժման Համակարգող մարմնի լիագումար նիստից եւ ընդգծում կուսակցության Սփյուռքի հատվածում տիրող ոչ բարվոք վիճակը եւ մատնանշում այն քայլերը, որոնք անհրաժեշտաբար պետք է կատարվեն Ռամկավար Ազատական կուսակցությունն իր պատմական առաքելությանը վերադարձնելու, արդի մարտահրավերները դիմագրավելու ընդունակ կազմակերպության վերածելու, այն Սփյուռք-Հայաստան եւ Հայաստան-Սփյուռք միասնական, կուռ եւ կենսունակ կառույց դարձնելու ուղղությամբ։

Հայտարարություն-հաղորդագրությունը միաժամանակ ցավով նշում էր, որ ընթացիկ տարվա մայիս ամսին Երեւանում գումարված  «կենտրոնական վարչություն» ընտրելու հավաքը, որն, ի դեպ, զարմանալի ոգեւորությամբ էր շեփորվել ՀՀ իշխանական լրատվամիջոցների կողմից, անցկացվել է աղաղակող օրինախախտումներով եւ ՌԱԿ Կանոնադրության բազմաթիվ հոդվածների ոտնահարմամբ, ինչպես նաեւ՝ 2015 եւ 2016 թթ.-ին Երեւանում գումարված ՌԱԿ Վերականգնումի եւ միության շարժման եւ ՌԱԿ Հայաստանի կառույցի կողմից հնչեցված վերամիավորման հաջորդական կոչերի անտեսումով։

Ինչպես հիշում է մեր ժողովուրդը Հայաստանում թե Սփյուռքում, սույն թվի ապրիլի 16-17-ին Երեւանում կայացած ՌԱԿ վերականգնումի մարմնի հրավիրած խորհրդակցական համաժողովում հայտարարվել էր կուսակցության սփյուռքի եւ հայաստանյան կառույցների վերջնական միավորման, որպես մեկ եւ ամբողջական կազմակերպության վերակազմավորման մասին՝ իբրեւ հայաստանակենտրոն մեկ եւ անբաժանելի կառույց, ինչը մեծ գոհունակությամբ ընդունվել էր հայրենի մտավորականության եւ քաղաքական տարբեր շրջանակների կողմից։ Սակայն պարզվում է, որ ՌԱԿ հիմնադիրների, կուսակցության հաջորդական սերունդների ու շարքերի փայփայած այդ գաղափարը, հենց իրականացման պահին հանդիպում էր իրեն  «Կենտրոնական վարչություն» հռչակած խմբավորման չկամությանը, որի ապացույցը ոչ միայն վերջինիս հայտարարությունն էր ՌԱԿ Հանրապետական վարչության ներկայացուցիչների հետ Երեւանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, այլեւ հեռուստատեսությամբ, պատճառ բռնելով  «աշխարհագրական հեռավորությունները», Հայաստանում գոյություն ունեցող  «ներքին քաղաքական խնդիրների առանձնահատկություններին անծանոթ” լինելը եւ այլն։ Ավելին՝ այդ հանդիպման ընթացքում եւ հեռուստատեսությամբ հստակորեն ասվեց, որ ՌԱԿ Սփյուռքի եւ Հայաստանի կառույցները չեն կարող միավորվել, այլ մնալու են որպես  «քույր» կազմակերպություններ։

Անշուշտ  «քույրական» այս հոգածության ներքին պատճառները ծանոթ են մեզ, բայց պահը հարմար չենք գտնում խորքային թափանցումներ կատարելու այդ ուղղությամբ։ Ասենք՝ կարեւոր էլ չէ։ Կարեւորն այն է, որ գնացքն արդեն շարժվել է, եւ շուտով, առաջիկա հոկտեմբեր ամսին, բնականաբար Երեւանում, տեղի կունենա ՌԱԿ ընդհանուր միացյալ պատգամավորական ժողովը՝ Հայաստանից եւ Սփյուռքից ընտրված պատգամավորների մասնակցությամբ, քննարկելու մեր ժողովրդի եւ կուսակցության առաջ կանգնած գլխավոր խնդիրները, մարտահրավերները, վերջում ընտրելու համար ՌԱԿ միացյալ կենտրոնական վարչություն եւ կանոնադրական այլ մարմիններ։

Այսպիսով, ՌԱԿ Հանրապետական վարչությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է, որպես մասնակից եւ հյուրընկալ կողմ, ստանձնելու հոկտեմբերին գումարվելիք ՌԱԿ Պատգամավորական միացյալ, ընդհանուր ժողովի կազմակերպչական բոլոր աշխատանքները։

Ներկայումս ՌԱԿ Սփյուռքի եւ Հայաստանի մարմինները ուսումնասիրում են կանոնադրական բոլոր հարցերը՝ ՀՀ եւ սփյուռքյան տարբեր երկրների համապատասխան օրենքները, ինչպես նաեւ ավանդական մեր մյուս կուսակցությունների փորձը։

Վերջում ցանկանում ենք կրկնել համագործակցության մեր կոչը՝ ուղղված ավանդական այն գործընկերներին, կառույցներին եւ անհատներին, որոնց համար թանկ է Ռամկավար Ազատական կուսակցության միասնությունը։

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երեւան, 07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031