Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Հուլիս 08,2016 19:03

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է վարչական շրջանում իրականացվող բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրի ընթացքին: Հարկ է նշել, որ աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարան – վարչական շրջաններ – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում: 2016թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է նորոգել բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 900 մուտք: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում ներգրավելով նաև շենքերի բնակիչներին:

«Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում առկա խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, որոնք համալիր լուծում էին պահանջում: Եվ այդ նպատակով վերջին երեք տարիներին մեր կողմից մշակվեց հստակ քաղաքականություն ինչպես հարթ և թեք տանիքների, այնպես էլ նկուղների և մուտքերի նորոգման ուղղությամբ: Այսօր ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց կառավարումն իրականացնում են համատիրությունները և օրենքով հենց նրանց վրա է դրված առկա խնդիրների կարգավորումը: Սակայն ընդառաջելով մեր բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետարանն իր մասնակցությունն է ունենում մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանման ծրագրերին: Յուրաքանչյուր տարի մենք համայնքային բյուջեից որոշակի միջոցներ ենք հատկացնում այդ նպատակով: Ինչ վերաբերում է մուտքերի նորոգման ծրագրին, պետք է նշեմ, որ պատասխանատուների առջև հստակ խնդիր ենք դրել մինչև 2019 թվականի վերջ ամբողջությամբ ավարտել Երևանում առկա բազմաբնակարան շենքերի շուրջ 13000 մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ի դեպ, վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ վերանորոգվել է բազմաբնակարան բնակելի շենքերի ավելի քան 4000 մուտք»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերում առկա վերելակներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տասնամյակների կուտակված  խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով այսօր քայլեր են ձեռնարկվում համալիր ծրագրի մշակման և միասնական մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Արաբկիր վարչական շրջանի համալիր մարզադպրոց, Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Րաֆֆու անվան դպրոցում գործող սպորտդպրոց, որտեղ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով ընթացքի մեջ են նորոգման աշխատանքները: Ծանոթանալով աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել հետևողական՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031