Լրահոս
Օրվա լրահոսը

«Բենիկ Պետրոսյանի գործերն էլի կգնան կփակվեն տուփերի մեջ». Արև Պետրոսյան

Հուլիս 08,2016 23:40

«Ես շատ փոքր էի: Նա ինձ համար միշտ նկարելով էր հեքիաթներ պատմում: Մի անգամ հարցրի՝ ինչու է ծառն էլ կապույտով նկարում, աղվեսն էլ: Ասաց՝ երբ գրիչը ձեռքդ է, դու ինքդ ես քո հեքիաթն ստեղծողը: Ազատ եղիր. պարտադիր չէ՝ ծառը կանաչ լինի, որ դու իմանաս՝ դա ծառ է: Եթե զգում ես, որ ծառ է, ուրեմն ծառ է…

Ազատության առաջին դասերն այդպես քաղեցի, հասկացա, որ իրոք ես եմ կերտում իմ կյանքի հեքիաթը»,- Aravot.am-ի հետ զրույցում հորը՝ քանդակագործ Բենիկ Պետրոսյանին այսպես է հիշում աղջիկը՝ նկարչուհի Արև Պետրոսյանը:

Հունիսի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Բենիկ Պետրոսյանի «Բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը:

Արվեստասերներն այն դիտելու հնարավորություն ունեն մինչև հուլիսի 10-ը:

Այսօր էլ Ազգային պատկերասրահում ցուցադրվեց քանդակագործին նվիրված «Հավերժության մեղեդի» ֆիլմը, որի հեղինակն արվեստագետի կինն է՝ Ալիս Ադամյանը:

Բենիկ Պետրոսյանի միտքը, երազանքը Հայաստանում մանրաքանդակի դպրոց ստեղծելն էր: Ընտանիքն էլ արդեն 25 տարի ցանկանում է, որ լուծվի թանգարանի հարցը:

«Այսօր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի թանգարան լինի այս բացառիկ քանդակագործի աշխատանքներն ամբողջությամբ մի տեղ զետեղելու, ցուցադրելու համար: Ամեն անգամ մեկ-երկու ամսվա համար ցուցադրություն կազմակերպելն ընտանիքի համար շատ դժվար է. դրանից տուժում են աշխատանքները. տեղափոխության ընթացքում վնասվում են, կորուստներ են լինում, որոնք վերականգնել չի լինի:

Ինչքան էլ փորձել ենք Բենիկ Պետրոսյանի արվեստը ցուցադրել, մինչ օրս չենք ունեցել մի սրահ, որտեղ կկարողանանք նրա գործերն ամբողջապես ցուցադրել: Դրա համար պետք է թանգարան լինի, թե չէ, այս ցուցահանդեսն էլ կավարտվի, և բոլոր գործերն էլի կգնան կփակվեն տուփերի մեջ»,- մտահոգվում է Արև Պետրոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031