Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում»

Հուլիս 12,2016 19:30

Հուլիսի 12-ին «Մեդիամաքս» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով  երրորդ նիստը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ:

Ջերմորեն ողջունելով երիտասարդներին՝ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը կարևորեց նման մեծ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երիտասարդների համախմբումը հայրենիքում և նրանց մասնակցությունը երկրի զարգացման գործին: Նա անդրադարձավ  հայկական շահերի պաշտպանության գործում լրատվամիջոցների դերակատարությանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց ԶԼՄ-ների տարաբնույթ կողմնորոշումները, կողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և, մասնավորապես, քառօրյա պատերազմի ընթացքում: Նա նշեց, որ լրագրողների համար հակամարտությունները պատմությունների հակամարտություն են, պետք է կարողանալ օտարերկրացիներին ճիշտ, հասկանալի և ազդեցիկ կերպով ներկայացնել մեր պատմությունը՝ դրական ընկալումների հասնելու համար: Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձավ այն մեխանիզմերին, որոնց շնորհիվ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ամփոփ և ազդեցիկ, նա խոսեց այն տեղեկատվական խնդիրների մասին, որոնք վերաբերում են հակամարտությունը ներկայացնելուն, դրա առանձնահատկություններին՝ կարևորելով նմանատիպ հակամարտությունների զուգահեռներում այն ներկայացնելը, ընդունված և ընկալելի տերմինների ու բնորոշումների կիրառմամբ: Բանախոսը անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի օրերին սփյուռքյան մամուլի արձագանքներին:

Նա խորհուրդ տվեց ճշտել ինֆորմացիան, զերծ մնալ վտանգավոր տեղեկատվական աղբից,  այն չկիրառել հայկական տեղեկատվական դաշտում:

«Մեդիամաքս» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը հանդես եկավ «Ապրիլյան ռազմական և տեղեկատվական պատերազմները» զեկույցով, նա անդրադարձավ քառօրյա պատերազմի օրերին հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությանը, լրատվադաշտի կրած դինամիկ փոփոխություններին և այն թերություններին, որոնք ի հայտ եկան: Փորձագետը նշեց, որ թեև սոցիալական հարթակներում հայ հանրությունը համախմբվեց, սակայն եղան լուրջ բացթողումներ, հայկական լրատվամիջոցները և մեդիա փորձագետները, լուրջ աշխատանքներ իրականացրին, զգուշացնելով վտանգների, կեղծ կայքերի, ապատեղեկատվական աղբյուրների մասին, սակայն հայկական լրատվական հանրությունը պատրաստ չէր նման հանկարծակի և ուժեղ տեղեկատվական պատերազմի, առկա էր մեդիագրագիտության, շրջահայացության և զգուշավորության պակաս:

Փորձագետ Միքայել Յալանուզյանը տեսաշարով ներկայացրեց «Ապրիլյան պատերազմը համաշխարհային մեդիայում» զեկուցումը՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական լրատվադաշտերի ազդեցությանը միջազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա:

 «Զորակն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Razm.info» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հանդես եկավ «Սոցցանցերի «դիպուկահարներն» ու «հետախույզները»» զեկուցումով: Նա նկարագրեց տեղեկատվական միջավայրը քառօրյա պատերազմի ժամանակ և նշեց, որ կտրուկ աճեց տեղեկատվություն ստանալու պահանջը, ի հայտ եկան տեղեկություններ ձեռք բերելու հետ կապված դժվարություններ, ակտիվացան ապատեղեկատվական հոսքերը, հաքերական հարձակումները, ծանրաբեռվեցին տեղեկատվական ենթակառուցվածքները: Զգացմունքային դրսևորումները սոցցանցերում և լրատվամիջոցներում որոշակի ազդեցություն ունեցան լրատվության շրջանառության վրա:  Բանախոսը կարևորեց պաշտոնական լրատվության համակարգված տարածումն ու արագ արձագանքելը, զգուշավորությունն ու տեղեկատվությունը ստուգելու սկզբունքայնության կիրառումը:

Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Բանախոսները պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին:

Երեկոյան երիտասարդական հավաքի մասնակիցները դիտեցին ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031