Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ

Հուլիս 13,2016 10:18

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի և Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ:

Հուլիսի 12-ին պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին։

15

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների ներկա փուլին՝ մատնանշելով Արևելյան գործընկերության շրջանակներում ընձեռվող համագործակցային հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որի շրջանակներում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները կշարունակեն վերապատրաստվել Լիտվայի ռազմաուսումնական հաստատություններում։ Որպես համագործակցության լավ հեռանկարներ ունեցող ոլորտներ են մատնանշվել կիբեռանվտանգությունը և խաղաղապահությունը

6

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լիտվայի հարակից տարածաշրջաններում անվտանգության հետ կապված խնդիրների, այդ թվում նաև արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նախարար Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Օլեկասն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ` ցավակցելով զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին։

Լիտվայի Արտաքին գործերի նախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում նախարար Լինկյավիչյուսը նաև մեծապես կարևորել է նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031