Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համալրումը

Հուլիս 13,2016 18:35

Վաշինգտոն – Այսօր Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության երկկուսակցական համալրումն՝ ի դեմս կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա) և Ջեքի Սփայերի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) որպես համանախագահներ և Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Թրոթի (Հանրապետական, Միչիգան) որպես փոխնախագահներ, հաղորդում է Համագումարը: Այս կոնգրեսականները միացել են ներկայիս համանախագահներ Ֆրենք Փալոն Կրտսերին (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռոբերտ Դոլդին (Հանրապետական, Իլինոյս):

«Կոնգրեսականներ Սփայերը, Վալադաոն, Շիֆը և Թրոթը բոլորն ապացուցել են, որ Հայկական հարցերով հանձնախմբի նվիրված ու միասնական անդամներ են: Ուրախ ենք տեսնել նրանց այս նոր, ղեկավար պաշտոններում¦, – ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Որքան շատ կոնգրեսականներ ստանձնեն հայկական հարցերի առաջնորդությունը, այնքան շատ կարող ենք իրականացնել, հատկապես այս փորձության ժամանակներում: Համագումարը ողջունում է Հանձնաժողովի ընդլայնված ղեկավար թիմին և ակնկալում է աշխատել նրանց հետ այս Կոնգրեսի մնացած ժամանակահատվածում», – շարունակել է Արդունին:

Կոնգրեսական Փալոնի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը հայտնել է հանձնախմբի ամրապնդման կարևորության մասին՝ հաշվի առնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով առաջացած վերջին զարգացումները տարածաշրջանում:

Համանախագահ Վալադաոն ծառայում է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովում և Գյուղատնտեսության, գյուղական համայնքների զարգացման, պարենի և դեղամիջոցների վարչության և հարակից գործակալությունների հատկացումների ենթահանձնաժողովի փոխնախագահն է:

Համանախագահ Սփայերն եղել է ԱՄՆ-ի պատվիրակության կազմում, որ անցյալ տարի ճանապարհորդել էր Հայաստան Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության կապակցությամբ:Նա ծառայում է Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովում որպես Վերահսկողության և հետազոտությունների ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ: Նա նաև ծառայում է Ներկայացուցիչների պալատի Հետախուզության մշտական ընտրված հանձնաժողովում:

Փոխնախագահ Շիֆը, ով այսօր հանդիպել է Համագումարի 2016 թ. կամավորների խմբի հետ, երկար տարիներ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձևերի առաջատար դեմոկրատական հովանավոր է եղել: Կոնգրեսական Շիֆը նախկինում ծառայել է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովում և ներկայումս ծառայում է Ներկայացուցիչների պալատի Հետախուզության մշտական ընտրված հանձնաժողովում որպես բարձրաստիճան դեմոկրատ:

Հանրապետական Թրոթը ևս Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի կապակցությամբ Հայաստան մեկնած ԱՄՆ պատվիրակության անդամ է եղել: Նա ծառայում է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և Ներկայացուցիչների պալատի Դատական հանձնաժողովում:

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբն աշխատանքներ է տարել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար, ինչպես նաև հետամուտ լինելու [հանձնախմբի] անդամները ներգրավմանը Հայաստանին վերաբերող հարցերում: Հանձնախումբը շարունակում է քարոզչություն տանել՝ հանուն Հայաստանին հավելյալ առևտրի և օժանդակության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և աջակցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031