Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյանը իր լուծումն է առաջարկում իշխանությանը. «Այս տղաները սովորական փողոցից հավաքված տղաներ չեն»

Հուլիս 22,2016 19:20

«Ամենակարեւորը այդ հարցն է՝ ո՞րն է ելքը: Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ի առավոտյան, դա վաղուց Հայաստանում ստեղծված ճգնաժամի արդյունք է: Մնացած բոլոր հնարավոր ուղիները փակված են այս իշխանությունների կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց, թե ինքը ինչ լուծում է առաջարկում իշխանություններին, որպեսզի երկու կողմն էլ զիջումների գնան:

Նրա խոսքերով՝ «Քաղաքական դաշտը փոշիացված է իշխանությունների կողմից, քաղաքական գործունեությունը դարձել է խեղկատակություն: Մեկը մյուսի հետեւից բոլոր ընտրությունները առնվազն 20 տարի եղել են կեղծված եւ այդ խեղկատակությունը տարեցտարի ավելի կատարելագործվել է: Ապրիլյան պատերազմին մենք տեսանք բացը: Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմի դաշտում, ի պատիվ մեր զինվորների, մեր բանակը կարողացավ կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Չնայած մարդկային մեծ կորուստների եւ տարածքային կորուստների, համենայնդեպս, հակառակորդը չկարողացավ իրականացնել իր ծրագրերը: Այս պատերազմը ամենալուրջ եւ իմ կարծիքով վերջին զգուշացումն էր՝ ուղղված ՀՀ-ին, հայ մարդկանց՝ ասելու, որ տեսեք, թե ինչ  վիճակում եք հայտնվելու: Եթե ձեզ թվում էր, որ մնացած բոլոր ոլորտներում կա կոռուպցիա, բայց կա մի ոլորտ, որ ամեն ինչ կարգին է եւ դա պաշտպանության ոլորտն է, ժամանակն է հասկանալ, որ եթե ամբողջ մարմինը խաթարված է, չի կարող մի թեւը կամ գլուխը խաթարված չլինել: Ժամանակն է զգաստանալ: Ապրիլյան 4 օրվանից հետո, եթե դուք եւս չզգաստանաք, կարող է  մեկ փորձության էլ դիմանաք, բայց երկրորդին չեք դիմանա:

Մենք տեսանք, որ այս 3.5 ամիսների ընթացքում ժողովրդի իշխանությունը զավթած վերնախավը ոչ միայն որեւէ փոփոխություն չարեց, այլեւ շարունակեց իր նույն ընթացքը: Դա ոչ մի այլընտրանք չէր թողել ոմանց տրամաբանությամբ: Երբ բոլոր ճանապարհները փակ են, աղետը դարձել է համաղետ մեր երկրում, այս տղաները գնահատել են, որ միակ ճանապարհը եւ իրենց համոզումով արդարացված ճանապարհը այս միջոցն է»:

Ինչ վերաբերում է իր առաջարկին, Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Լուծումը չի կարող չլինել քաղաքական: Այսինքն, ակնկալել, այս տղաներին փորձել համոզել, որ հանձնվեն, թեկուզ իրենց սեփական կյանքի ապահովման կամ մեղմ վճիռների խոստումներով, ոչ ոք նման ակնկալիքներ չպետք է ունենա: Այս տղաները սովորական փողոցից հավաքված տղաներ չեն, մտավորական  տղաներ են՝ կյանքի փորձ անցած, պատերազմի փորձ անցած, իրենց կյանքը հազար անգամ նժարի վրա դրած մարդիկ են: Իրենք ինչ անում են, անում են ազգային քաղաքական նպատակներով՝ հանուն Հայաստանի: Հետեւաբար միակ լուծումը, որ կարող է լինի՝ պիտի լինի քաղաքական:

Այսինքն, Հայաստանում պիտի լինեն փոփոխություններ: Տղաները պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ձեւավորում: Ես ուրիշ ոչ ոքի անունից չեմ կարող խոսել, բայց եթե իշխանությունները չգնան այնպիսի քայլերի, որ թեկուզեւ այսօրվա նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը անմիջապես վայր չդնի իր լիազորությունները եւ անմիջապես թեկուզ վստահության կառավարություն չձեւավորվի, առնվազն պիտի իսկապես շատ լուրջ, ոչ թե անիմաստ խոստումների սահմաններում, ինչը ամեն տարի, ամեն ամիս ապրում ենք՝ անբովանդակ խոստումներ, այլ իսկապես  լինի ճանապարհային քարտեզ փոփոխությունների՝ կապված ե՛ւ մեր արտաքին քաղաքականության, առաջին հերթին՝ Արցախի հարցի,տարածքների եւ այլն, նաեւ ոչ պակաս կարեւոր ներքին քաղաքականության բոլոր ոլորտներում՝ կադրային, տնտեսական եւ այլն: Իմ ասածը չմեկնաբանեք որպես «Սասնա ծռեր» խմբի տեսակետ:  Իրենց տեսակետը մնում է նույնը, ինչ գործողության առաջին պահին: Ես, որպես ողջամիտ լուծման միակ ճանապարհ, սա եմ տեսնում՝ իշխանությունների կողմից լուրջ մոտեցում, համակարգային որակակական փոփոխություններ: Միայն սա կարող է համոզել այդ տղաներին: Եթե մեր երկրում փոփոխություն չի լինելու, այս հարցը լուծում չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031